Հայաստանը պահպանել է 74-րդ տեղը անձնագրերի համաշխարհային վարկանիշում
10 Հունվարի 2025, 00:10
2025 թվականին Հայաստանը պահպանել է 74-րդ տեղը առավել «ուժեղ» անձնագրեր ունեցող երկրների վարկանիշում։ Նման տվյալներ է ներկայացրել Henley Passport Index կայքը։ Հայկական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել աշխարհի 68 Երկիր։
Տարածաշրջանի երկրների շարքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Վրաստանը (44-րդ տեղ) և Թուրքիան (46-րդ տեղ): Ադրբեջանը զբաղեցրել է վարկանիշի 70-րդ հորիզոնականը, իսկ Իրանը զբաղեցրել է 96-րդ հորիզոնականը:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնում է Ռուսաստանը՝ 46-րդ տեղը, որին հաջորդում են Բելառուսը (62-րդ տեղ), Ղազախստանը (65-րդ տեղ) և Ղրղզստանը (78-րդ տեղ):
Վարկանիշի առաջատար է մնացել Սինգապուրը, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 195 երկիր: Երկրորդ տեղում Ճապոնիան է՝ 193 մատչելի ուղղություններով, իսկ երրորդ տեղը կիսել են Ֆինլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Հարավային Կորեան և Իսպանիան. քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել 192 երկիր:
Ցուցակի ամենավերջում (106-րդ տեղ) Աֆղանստանն է։ Այդ երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել միայն 26 երկիր։
Henley & Partners անձնագրային ինդեքսը միջազգային վարկանիշ է, որը գնահատում է տարբեր երկրների քաղաքացիների տեղաշարժի ազատությունը՝ չափելով առանց վիզայի այցելությունների համար մատչելի պետությունների քանակը: