Հայաստանը պարափաուերլիֆտինգի երիտասարդական ԱԱ-ում սահմանել 11 ռեկորդ

14 Հոկտեմբերի 2025, 14:48

Սպորտ

Հայաստանի հավաքականը ութ ոսկե, հինգ արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել նախօրեին Կահիրեում (Եգիպտոս) ավարտված պարափաուերլիֆտինգի երիտասարդական ԱԱ-ում:

Հայ պարաատլետները սահմանել են չորս համաշխարհային և յոթ եվրոպական ռեկորդ: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը՝ զիջելով Ուզբեկստանին և առաջնության հյուրընկալող երկրին՝ Եգիպտոսին:

Գյումրեցի Ռաֆայել Համազասպյանը (15-17 տարիքային կարգ) դարձել է կրկնակի չեմպիոն՝ սահմանելով երեք եվրոպական և երկու համաշխարհային ռեկորդ՝ առավելագույն բարձրացված քաշը՝ 115 կգ և բարձրացված կշիռների հանրագումարում՝ 110 կգ, 114 կգ, 115 կգ: Համազասպյանը երկրորդ հայ մարզիկն է, ով պարափաուերլիֆտինգում համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Մեդալներ նվաճել են նաև Եվրոպայի նոր ռեկորդ սահմանած Խորեն Ծատուրյանը, Եվրոպայի և աշխարհի նոր ռեկորդ սահմանած Կարինե Մանուկյանը, ինչպես նաև Անյուտա Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Տիգրան Խլղաթյանը, Արտյոմ Մուխսյանը, Դավիթ Հունանյանը: