Հայաստանը պատրաստ է վերականգնել Գյումրի-Կարս և Երասխ-Նախիջևան երկաթուղիները. Միրզոյան
14 Դեկտեմբերի 2023, 13:28
Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար տրանսպորտային տարանցման մեծ նշանակությունը անհնար է թերագնահատել և մեր երկրների համար շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն: Այս մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մարդկանց, բեռների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար քաղաքական խոչընդոտների վերացումը, մասնավորապես տնտեսական ու սոցիալական իրավունքների և բոլոր ժողովուրդների զարգացման իրավունքի իրացումը կարևոր գործոն է գլոբալ շուկաներին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ինտեգրման համար:
ՄԱԿ-ի Զարգացման համակարգն ունի անհրաժեշտ գործիքակազմը, փորձառությունը և գործընկերների ցանցը՝ առաջ մղելու համագործակցությունը դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ու զարգացման գործընկերների միջև»,- ասել է Միրզոյանը:
Միրզոյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի օրակարգի հիմնասյուներից մեկը:
«Այն նպատակ ունի իրար կապել Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը և տնտեսական ու մշակութային առնչությունների ամրապնդման և մարդկանց միջև շփումների միջոցով նպաստել քաղաքական երկխոսությանը և հասնել տարածաշրջանում համապարփակ և կայուն խաղաղության՝ հօգուտ բոլոր ժողովուրդների:
Հայաստանը պատրաստ է վերակառուցել և գործարկել Գյումրի-Կարս, Հրազդան-Կապան, Վանաձոր-Ագարակ, Երասխ-Նախիջևան երկաթգծերը: «Խաղաղության խաչմերուկ»-ը գալիս է ոչ թե մրցակցելու տարածաշրջանային այլ լոգիստիկ նախագծերի հետ, այլ լրացնելու առկա հնարավորությունները»,- եզրափակել է Միրզոյանը: