Հայաստանը պետք է չափազանց շահագրգռված լինի, որ Իրանը դիմանա. Բորիս Ռոժին
07 Մարտի 2026, 00:00
Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև էսկալացիայի հնարավոր հետևանքները Հարավային Կովկասի համար։
«Ընթանում է լայնամասշտաբ պատերազմ, որն ընդգրկում է մեծ թվով երկրներ։ Սա տարածաշրջանային շատ խոշոր հակամարտություն է՝ հետագա ընդլայնման միտումով։ Ընդ որում, այս հակամարտության զարգացման գագաթնակետը դեռևս հաղթահարված չէ։ Այս պահին բանակցությունների հեռանկարներ չկան։ Կողմերը համոզված են, որ հաղթում են. թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Իրանը հայտարարում են, որ իրավիճակը զարգանում է ի օգուտ իրենց: Հետևաբար, չի կարելի ասել, թե պատերազմն այժմ կավարտվի, և էսկալացիայի միտումները կդադարեն։ Իրադարձությունները զարգանում են ուղիղ հակառակ ուղղությամբ»,- ասել է Ռոժինը։
Ըստ փորձագետի՝ Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո հնարավոր չէ կանխատեսել Ադրբեջանի հետագա քայլերը։
«Չի կարելի բացառել, որ Ալիևը, եթե տեսնի, որ իրանական պետությունը սկսում է քայքայվել, կարող է փորձել զավթել հյուսիսարևմտյան Իրանի մի մասը, որտեղ բնակվում են էթնիկ ադրբեջանցիներ։ Նման սցենարը բացառել չի կարելի։ Լիարժեք պատերազմն Ադրբեջանի համար բավականին վտանգավոր է, նախևառաջ այն պատճառով, որ նրա տնտեսության հիմքը չափազանց խոցելի է։ Տևական պատերազմի դեպքում Իրանն, անկասկած, ունակ է լուրջ հարված հասցնել ադրբեջանական տնտեսությանը, ինչը կունենա երկարաժամկետ հետևանքներ։
Այդուհանդերձ, գաղտնիք չեն Ալիևի մեծ կապերը Իսրայելի հետ։ Դրանք արդեն դրսևորվել են նախկինում, այդ թվում՝ 2025 թվականի պատերազմի ընթացքում, և հետևողականորեն ամրապնդվել են։ Քանի որ պայմանական կոալիցիայի «բլիցկրիգը» Իրանի դեմ չհաջողվեց, այժմ շտապ կերպով տարբերակներ են փնտրում իրավիճակը փոխելու համար. փորձում են տարբեր երկրների ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ։ Օրինակ՝ հարձակումներ եղան Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա։ Սաուդյան կողմն արդեն հայտարարել է, որ իրականում դա կարող էր անել Իսրայելը՝ հարձակվելով Իրանի անվան տակ։ Սա Սաուդյան Արաբիային պատերազմի մեջ ներքաշելու փորձ է։
Նույնը փորձել են անել Էմիրություններում և Կատարում։ Այս մասին, ի դեպ, խոսել է նաև Թաքեր Կարլսոնը՝ հայտնելով, որ ձերբակալվել են խմբեր, որոնք զբաղվում էին «օտար դրոշի ներքո» գործողություններով։ Նախիջևանի իրավիճակը, ամենայն հավանականությամբ, հենց այս շղթայի մի դրվագ է։ Սկզբում փորձ էր արվում ներքաշել Պարսից ծոցի երկրներին, ապա փորձեցին ակտիվացնել քրդական գործոնը, իսկ հիմա՝ գործի դնել ադրբեջանական գործոնը»,-նշել է Ռոժինը։
Քաղաքագետի կարծիքով՝ առանց Իրանի Հայաստանը ռիսկի է դիմում մնալ մենակ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։
«Եթե կարողանան կոտրել Իրանը և ոչնչացնել որպես պետություն իր ներկայիս տեսքով, ապա Հայաստանն իր ներկայիս վիճակում փաստացի դատապարտված է։ Լավագույն դեպքում Հայաստանը կդառնա վասալային պետություն՝ կախված Ադրբեջանից և Թուրքիայից։ Ամենայն հավանականությամբ, միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը կարող է զրկվել իր հարավային մասից՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքից»։ Նա պարզապես չունի բավարար ռազմական ուժեր այդ տարածաշրջանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիմակայությունում պահելու համար։ Ընդ որում, նման ծրագրեր պարբերաբար հնչեցվում են։ Հետևաբար, Հայաստանը պետք է ծայրաստիճան շահագրգռված լինի, որ Իրանը դիմանա։ Հակառակ դեպքում նա կմնա դեմ առ դեմ Էրդողանի և Ալիևի հետ»,- եզրափակել է Ռոժինը։