Հայաստանը պետք է կշռադատի բոլոր ռիսկերը մինչ վեկտորը փոխելը. Ալեքսեյ Օվերչուկ

01 Սեպտեմբերի 2025, 21:30

Քաղաքականություն

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Տյանցզինում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, հայտարարել է, որ Հայաստանի հնարավոր դուրսբերումը ԵԱՏՄ-ից՝ ԵՄ-ին ինտեգրվելու համար, հարց է, որը պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը։

Նա հիշեցրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս նշել է ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելու անհնարինության մասին։ Այս կապակցությամբ Օվերչուկն ընդգծել է, որ եթե ապագայում նման ընտրություն դրվի օրակարգում, Հայաստանը պետք է մանրակրկիտ կշռադատի բոլոր հանգամանքները, որոնք կարող են ազդել վերջնական որոշման վրա։

«Եթե երբևէ նման որոշում կայացվի, ապա վստահ եմ, որ Հայաստանը հաշվի կառնի բազմաթիվ գործոնները, որոնք կազդեն այս կամ այն ուղղությամբ գնալու որոշումների կայացման վրա»,- նշել է ՌԴ փոխվարչապետը: