Փնտրելով այլ դաշնակիցներ` Հայաստանը զբաղվում է իր անվտանգության աութսորսինգով. Սերգեյ Մելքոնյան
04 Սեպտեմբերի 2023, 12:47
Այդ հայտարարությունով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է ու փնտրում է այլ դաշնակիցների, այսինքն՝ փաստացի զբաղվում է իր անվտանգության աութսորսինգով: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ, ԱՊՐԻ Արմենիա հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանն՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետի հայտարարությանը, թե անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, (նկատի ունի Ռուսաստանին) ռազմավարական սխալ է:
«Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ է փոխել իր ռազմավարական վեկտորն ու կապ չունի, թե որ ուղղությամբ, բայց բոլորը հասկանում են, որ խոսքն առաջին հերթին Արեւմուտքի մասին է: Հայաստանի գերնպատակն այսօր Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելն է եւ արտաքին քաղաքականության ընդհանուր տրամաբանությունը բխում է այդ գերնպատակից, իսկ Արեւմուտքի գլխավոր միջոցն այս տարածաշրջանում Թուրքիան է:
Ադրբեջանն այսօր կախված է Թուրքիայից եւ ռազմավարական առումով երկար տարիներ կախված էր Թուրքիայից, արդյո՞ք դա վատ հետեւանքներ ունեցավ Ադրբեջանի համար, ո՛չ, որովհետեւ բացի այն, որ դու դաշնակից ունես, դու նաեւ հետեւողականորեն պետք է աշխատես նրա հետ: Ադրբեջանը հիմա հետեւողականորեն աշխատում է Հայաստանի բոլոր դաշնակիցների հետ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ ստացվում է, որ Ադրբեջանն ավելի շատ դաշնակից ունի, քան Հայաստանը: Դա Ադրբեջանի դիվանագիտական հաղթանակն է, իսկ Հայաստանի՝ դիվանագիտական տապալումը:
Հիմա Ադրբեջանն սկսել է աշխատել իսլամական աշխարհի հետ, Աղդամի ուղղությամբ դիտորդների, փորձագետների է բերում, իսկ Հայաստանն աշխարհում ավելի շատ դաշնակիցներ ունի, բայց Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ հիշատակված չէին օրինակ՝ Մերձավոր Արեւելքը, Իրանը, որն ի դեպ, ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ 2022թ. սեպտեմբերին կանխել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստան, բայց ենթատեքստով խոսվում է, թե Արեւմուտքն է կանխել»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը:
Նշենք՝ սեպտեմբերի 2-ին հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը իտալական La Repubblica թերթին: Փաշինյանը, նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնությանը, հայտարարել էր, թե անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ռազմավարական սխալ է:
«Մենք պոստ ֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը, այդ թվում՝ այլ հայացքով նայելով մեր տարածաշրջանին, որովհետեւ այլ բան է, երբ մենք մեր տարածաշրջանում ապրում ենք հետեւյալ տրամաբանությամբ, որ մենք մեր հարեւանների հետ անընդհատ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ ենք, բայց ոչինչ, ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կապահովի: Երբ գալիս է գործնականում ինչ-որ մեկի կողմից մեր անվտանգությունն ապահովելու պահը, պարզվում է, որ ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կամ չի ուզում կամ չի կարողանում ապահովել: Եվ սրանք իրավիճակներ են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: