Հայաստանը՝ ռուսական տեղեկատվական օրակարգի կարևոր մաս

13 Սեպտեմբերի 2023, 22:43

Քաղաքականություն

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Վերջին մի քանի շաբաթները չի կարելի անվանել հայ-ռուսական հարաբերությունների ամենաբեղմնավոր շրջանը։ Փոխադարձ մեղադրանքները հաճախ վերաճում են «դիվանագիտական փոխհրաձգությունների», սակայն, ի թիվս այլ բաների, այս փաստը ցույց է տալիս, որ Հայաստանը կրկին դարձել է Ռուսաստանում տեղեկատվական օրակարգի կարևոր մաս։

Եթե նախկինում ռուսական իշխանությունների և ռուսական լրատվամիջոցների էպիզոդիկ ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին թույլ էր տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ կառուցել իր քաղաքականությունը «տեղեկատվական լռության մեջ», ապա այժմ իրավիճակն ակնհայտորեն փոխվել է, ինչը դրսևորվում է գրեթե ամենօրյա ռեժիմով:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կրկին մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերություններում նկատվող ճգնաժամը։ Զախարովայի հայտարարությունները լավ առիթ են՝ խոսելու Լաչինի միջանցքի հետ կապված խնդրի էության մասին։

Խոսելով Լաչինի միջանցքի մասին՝ պետք է նշել, որ միջանցքի արգելափակումը ուղղակի հետևանք է այն բանի, որ 2022 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին Վաշինգտոնում և Պրահայում խմբագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։

Հիշեցնեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը բաց էր պահնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, իսկ Վաշինգտոնի և Պրահայի գործընթացները տեղի ունեցան Արցախի նկատմամբ Բաքվի ինքնիշխանության ճանաչման տրամաբանությամբ։ Եթե պաշտոնական Երևանը ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, և համաձայն է, որ այլևս չի մասնակցում Արցախի ապագայի շուրջ բանակցություններին և այս գործընթացը թողնում է «միջազգային երաշխավորների կամքին, որոնք պետք է որոշակի երաշխիքներ տան հայերի իրավունքների պաշտպանության համար», ապա սա, ինքնաբերաբար, նշանակում է, որ Արցախի հանքերը Ադրբեջանի սեփականությունն են, և ԼՂՀ պաշտպանության բանակը պետք է լուծարվի, իսկ Լաչինի միջանցքը նույնպես լինի Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նախկինում բանակցությունների ողջ ընթացքում Արցախի վերջնական կարգավիճակը պետք է նույնական լիներ Լաչինի միջանցքի կարգավիճակին (եթե Արցախը պիտի լիներ անկախ պետություն, ապա Արցախն ու Հայաստանը կապող կյանքի միջանցքը պիտի լիներվ ԼՂՀ-ի մաս, եթե Արցախը միանար Հայաստանին, կյանքի ճանապարհը նույնպես պետք է լիներ Հայաստանի մաս):

Օգտվելով Վաշինգտոնի և Պրահայի գործընթացներից՝ պաշտոնական Բաքուն փակեց միջանցքը՝ դրանով իսկ իրագործելով ԼՂՀ տարածքից հայերի արտաքսման սցենարներից մեկը։
Քանի որ խնդիրը զուտ քաղաքական է, ուրեմն լուծումը պետք է նույնպես լինի քաղաքական (ոչ թե տեխնիկական՝ օդային միջանցք բացել եւ այլն) և դրսևորվի նրանում, որ պաշտոնական Երևանը կրկին պետք է հայտարարի, որ ինքը երաշխավորն է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ինչը կզրոյացնի Պրահայի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները, ինչպես նաև հնարավորություն կտա մեր դաշնակիցներին՝ բնական և ռազմավարական, պաշտպանելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը, վերադառնալ խնդրի լուծման տարբերակին, ըստ որի Արցախի կարգավիճակի հարցը կմնա բանակցությունների հաջորդ փուլերին։

Միևնույն ժամանակ, կարևոր է ասել, որ այն դիրքորոշումը, ըստ որի, պաշտոնական Երևանը կրկին պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորը, չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի սահմանազատման և սահմանագծման գործընթացի իրականացումից, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացից (ընդ որում՝ բոլոր կոմունիկացիաների, և ոչ միայն նրանց, որոնք պետք է անցնեն Հայաստանի կամ Արցախի տարածքով)։ Կայուն և խաղաղ Հարավային Կովկասը՝ ակտիվորեն աշխատող տրանսպորտային և էներգետիկ հաղորդակցություններով, հենց Հայաստանի ռազմավարական շահերի արտահայտումն է։ Բայց դա հնարավոր չէ անել Ղարաբաղի 120.000 հայերի էթնիկ զտումների, նրանց ինքնորոշման հիմնարար իրավունքի ժխտման գնով:
Քաղաքական խնդիրները պետք է ստանան քաղաքական լուծումներ:

Միևնույն ժամանակ, այսօր Մարիա Զախարովան նույնիսկ մեկնաբանել է մի շատ նեղ թեմա «հայկական լրահոսից»՝ «Վագներ»-ի զինվորների Երևան ժամանելու մասին» թեման։ Հայաստանում «Վագներ»-ի առասպելական զինվորներին արդեն վերագրում են «պետական հեղաշրջման պլանավորում»: Ավելին, «Վագներ»-ի առասպելական զինվորները Հայաստանում, ըստ երեւույթին, արդեն «առաջին զոհն» ունեն, քանի որ «Դվին» հյուրանոցի հրավառությունն ընկալվել էր որպես «Վագներ»-ի զինվորների կողմից իրանակագված ռազմական գործողություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Սա, ամենայն հավանականությամբ, պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ՊՊԾ պետ Սարգիս Հովսեփյանին աշխատանքից ազատում են հրավառության ձայների պատճառով, որոնք ընկալվել էին՝ որպես ռազմական գործունեություն, նույնիսկ, երկրում չգտնվող զինվորների կողմից։
Սակայն, փաստը մնում է փաստ, որ Հայաստանը կրկին ռուսական տեղեկատվական օրակարգի կարևոր մասն է: