Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերստուգում է իրականացնում. Դենիս Դենիսով
07 Մարտի 2024, 21:30
Քաղաքագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ Հայաստանը խնդրել է Երևանի օդանավակայանից դուրս բերել ռուս սահմանապահներին:
Փորձագետի կարծիքով՝ սրանք են Հարավային Կովկասի հակամարտության շրջանակներում Ռուսաստանի որդեգրած դիրքորոշման դժգոհության հետևանքները։
«Այդ բոլոր որոշումներն ընդունվում են հայ-ռուսական ընդհանուր փոխհարաբերությունների համատեքստում, որոնք այս պահին բնորոշվում են որոշակի անկմամբ։ Այլ բան է, որ դրանք խորհրդանշական որոշումներ են, քան որոշումներ, որոնք այդքան շատ են ազդում երկկողմ հարաբերությունների վրա։ Առավել ևս հիշում ենք, որ ռուս սահմանապահները հայկական կողմի հրավերով Հայաստանի տարածքում են գտնվում բավականին վաղուց՝ արդեն ավելի քան երեսուն տարի։ Այս առումով, եթե սահմանապահները, որոնք գտնվում են Իրանի և Թուրքիայի հետ սահմանին, Հայաստանի համար անվտանգության կարևոր տարր են, ապա սահմանային վերահսկողության պաշտոնը Զվարթնոց օդանավակայանում, ավելի շուտ խորհրդանշական փաստ է, որը մնացել է այդ ժամանակներից:
Այժմ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունների բոլոր տարրերի վերստուգում է իրականացնում և փորձում է հեռացնել նրանց, որոնք իրենց այնքան էլ չեն հետաքրքրում։ Հայաստանն այդպիսով ցանկանում է ցույց տալ իր դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների հարցում։ Բացի այդ, սրանք դժգոհության հետևանքներն են այն դիրքորոշման նկատմամբ, որը Ռուսաստանը որդեգրել է վերջին մի քանի տարիների ընթացքում Հարավային Կովկասի հակամարտության շրջանակներում»,- ասել է Դենիսովը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից պատասխան արձագանքին, ապա փորձագետի կարծիքով, պարզապես կլինի Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը և, ըստ երևույթին, այսքանը։
«Այս իրավիճակում այլ բան պետք չէ։ Այստեղ սիմետրիկ պատասխաններ չկան, իսկ ասիմետրիկ պատասխան, բնականաբար, կլինի, բայց դա արդեն Հայաստանի կողմից մյուս բոլոր գործողությունների ամբողջականությամբ, որոնք ուղղված են երկու պետությունների միջև հարաբերությունների սառեցման գործընթացին աջակցելուն», — եզրափակել Է Դենիսովը։