Հայաստանը Ռուսաստանի կարիքն ունի, և ոչ ոք շահագրգռված չէ հարաբերությունների խզմամբ. Անդրեյ Կորտունով
17 Մարտի 2026, 11:20
Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը «Կոնֆլիկտները Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում. էսկալացիայի գործոնները և տրանսֆորմացիայի հետագծերը» խորագրով համաժողովի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունները:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի կարիքն ունի:
«Կարծում եմ՝ ցանկացած երկրում նախընտրական քարոզարշավը կապված է քաղաքական զգայունության որոշակի սրման հետ։ Եվ հենց դա է, ինչ մենք այժմ տեսնում ենք Երևանում։ Գոյություն ունեն մտավախություններ, որ Ռուսաստանի հետ կապված և Մոսկվայից որոշակի աջակցություն ստացող ուժերն ի վիճակի են ինչ-որ կերպ ազդել քաղաքական գործընթացի վրա ընտրությունների նախաշեմին և հենց ընտրությունների ժամանակ։ Իհարկե, կցանկանայի հուսալ, որ այս շրջանը կարճատև կլինի, և ընտրություններից հետո հարաբերությունները կարող են կայունանալ, քանի որ հասկանալի է, որ Հայաստանը Ռուսաստանի կարիքն ունի։ Հայաստանի Հանրապետության ոչ մի ղեկավար շահագրգռված չէ այդ հարաբերությունների խզմամբ։
Այնուամենայնիվ, որոշակի խնդիրներ, դժվարություններ և անհարթություններ, հավանաբար, նախկինի պես կպահպանվեն։ Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան արտաքին ուժեր, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը հեռավորություն պահպանի Մոսկվայից և աստիճանաբար թեքվի դեպի Արևմուտք, դեպի Բրյուսել։ Բնականաբար, սա անհանգստություն է առաջացնում ռուս քաղաքական գործիչների մոտ»,- ասել է Կորտունովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր։
«Անշուշտ, կա ցանկություն հեռու մնալ Ռուսաստանից. սա խնդիր է, որի վրա պետք է աշխատել։ Մոսկվայում, ըստ ամենայնի, արժե մտածել այն մասին, թե ինչու Հայաստանում նման մտավախություններ գոյություն ունեն և ինչպես հասնել նրան, որ դրանք հասցվեն նվազագույնի»,- եզրափակել է Կորտունովը։