Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին. Փաշինյան

23 Փետրվարի 2024, 09:39

Քաղաքականություն

Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Մեր կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել, հատկապես 2021-2022 թվականներին, և դա չէր կարող աննկատ մնալ մեր կողմից։ Մենք սառեցրել ենք մեր մասնակցությունն այդ պայմանագրին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո», — ասել է նա։

Միաժամանակ Փաշինյանը նշել է, որ օրակարգում չկա Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու հարցը։ Բացի այդ, Հայաստանի վարչապետը հատուկ մտահոգություն է հայտնել «Հայաստանում ռուս դասալիք Դմիտրի Սեդրակովի առևանգման կապակցությամբ»:

«Մենք չենք կարող անօրինական գործողություններ հանդուրժել մեր տարածքում», — ասել է նա՝ զգուշացնելով, որ հետևանքներ կլինեն, եթե Երևանի պահանջներն անպատասխան մնան:

ՀՀ կառավարության ղեկավարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողությունները: Նա ուշադրություն է հրավիրել Բաքվի կողմից տարածվող այն նարատիվի վրա, որ Հայաստանը ոչ այլ ինչ է, քան «Արևմտյան Ադրբեջան»:

Նրա խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ թե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագրի է ձգտում, այլ ավելի շուտ` Հայաստանի նոր տարածքների գրավման: