Հայաստանը շատ խոցելի է կիբեռհարձակումների նկատմամբ․ Արթուր Պապյան

18 Դեկտեմբերի 2023, 22:50

Կարծիք

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը Alpha News-ի ուղիղ եթերում ցավով է նկատել, որ մեր պետությունը կիբեռանվտանգության ոլորտում բավցականին խոցելի է․

«Հայաստանը շատ խոցելի է կիբեռհարձակումների նկատմամբ։ Մենք դրա ականատեսն ենք եղել 2020 թ․ և՛ հուլիսյան, և՛ սեպտեմբերյան պատերազմների ընթացքում։ Հայաստանում տառացիորեն այն ամենը, ինչ հնարավոր էր կոտրել, քիչ թե շատ կոտրվել էր՝ պետական կայքեր, պետական պաշտոնյաների մեյլեր, հսկայական ծավալի տվյալների արտահոսքեր»,- ասել է Պապյանը։

Նրա խոսքով՝ մենք խնդիր ունենք որակյալ մասնագետների ներգրավելու պետական կառույցներում, պատճառը աշխատավարձերն են․

«Մենք փոքրիկ պետություն ենք, տենում ենք, որ ԱՄՆ-ի նման հզորագույն կիբեռ գերտերություններն էլ են դժվարանում այս ոլորտում։ Որովհետև ոլորտը արագ զարգացող է, մասնագետների խնդիր կա, պետությունն էլ իր հերթին չի կարողանում մասնագետների ներգրավել, որովհետև պետական աշխատավարձերը շատ ցածր են ՝ համեմատած մասնավոր սեկտրի»,- ընդգծել է Արթուր Պապյանը։

Մեր զրուցակիցը նշել է, որ արտոնություններ կան IT ոլորտում, որոնք չեն գործում պետական աշխատողների համար․

«Մեր պետությունը, օրինակ, արտոնություններ է տրամադրում IT ոլորտին։ Երբ նույն արտոնությունները չեն գործում պետական ոլորտի աշխատողների համար, հետևաբար լավ IT մասնագետն ավելի շատ ձգտում է աշխատել հենց IT ոլորտում, քան պետական սեկտրում։ Պետությունը IT ոլորտում շատ լուրջ մարտահրավերներ ունի ու խնդիրներ ունի լուրջ մասնագետներ ներգրավելու ու ինքը իր հետ չի կարողանում մրցակցել»,- եզրափակել է Արթուր Պապյանը։