Հայաստանը վեց օրում՝ երթուղի պատմության, բնության և մշակույթի միջով

26 Հուլիսի 2025, 14:22

Մշակույթ

Հայաստանն ավելի ու ավելի հաճախ է հայտնվում միջազգային զբոսաշրջային պարբերականների ուշադրության կենտրոնում։ Իտալական «TGCOM24» լրատվամիջոցի հրապարակած հոդվածում երկիրը նկարագրվում է որպես «հեքիաթային» և հատկապես հարմար է պատմությամբ, վանքերով և բնական գեղեցկությամբ լի ճանապարհորդությունների համար։

«TGCOM24»-ն առաջարկում է 6-օրյա երթուղի, որն արտացոլում է երկրի մշակութային և բնական հարստությունը։ Ճանապարհորդությունը սկսվում է Երևանից՝ Հայաստանի աշխույժ մայրաքաղաքից, որտեղ ժամանակակիցն ու հնագույն մշակութային շերտերը միահյուսվում են։ Երկրորդ օրը կարելի է գնալ դեպի Գառնի և Գեղարդ ՝ գեղատեսիլ կիրճերի մեջ գտնվող ճարտարապետական և հոգևոր եզակի հուշարձաններ:

Երրորդ օրը նվիրված է Սևանա լճին՝ հայկական բնության մարգարիտին, և գողտրիկ Դիլիջան քաղաքին, որին շնորհիվ իր անտառապատ լանջերի և մաքուր օդի հաճախ անվանում են «փոքրիկ Շվեյցարիա»։

Չորրորդ օրը՝ ծանոթություն երկրի հոգևոր կենտրոնի` Էջմիածնի, Զվարթնոցի հնագույն տաճարի և գիտական հարուստ պահոցի՝ Մատենադարանի հետ։ Հինգերորդ օրն առաջարկում է ճանապարհորդություն դեպի Հայաստանի հյուսիս՝ Հաղպատի, Ախթալայի և Սանահինի վանական համալիրներ, որոնք միջնադարյան ճարտարապետության նշանավոր հուշարձաններ են։

Երթուղին ավարտվում է դեպի Արենի ուղևորությամբ՝ Հայաստանի հայտնի գինեգործական տարածաշրջանը, այնուհետև՝ Արարատի ստորոտում գտնվող Խոր Վիրապ վանք այցով, որից հետո կարելի է վերադառնալ Սանահին՝ նորից զգալու միջնադարյան հոգևոր ժառանգության շունչը։

Սա երթուղի է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել ոչ միայն տեսարժան վայրերը, այլև Հայաստանի մթնոլորտը՝ նրա մշակույթը, հոգին և հյուրընկալությունը։