«Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ». Համաժողով Փարիզում

24 Հունիսի 2023, 13:30

Քաղաքականություն

Հունիսի 23-ին «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ (AGBU) նախաձեռնությամբ Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում (Sciences Po) տեղի ունեցավ համաժողով՝ «Հայաստանը խաչմերուկում. խաղաղություն և բարեկեցություն Եվրոպայի հարևանությամբ» թեմայով։ Այս համաժողովը միավորեց քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և քաղաքացիական հասարակության առաջնորդներին՝ քննարկելու խաղաղության կառուցումը և կայուն զարգացումը։ «ԱՊՐԻ Արմենիա»-ի նախագահ Լարա Սեդրակյանը բացեց համաժողովը և ողջույնի խոսք հղեց բոլոր մասնակիցներին մաղթելով հետաքրքիր և արդյունավետ քննարկումներ: Նա նաև ներկայացրեց համաժողովի հիմանական թեզերը, խաչմերուկները, մարտահրավերներն ու հնարավորությունները:

Համաժողովի առաջին հատվածում քննարկվեցին Հարավային Կովկասում խաղաղության, դրա հաստատման, դիվանագիտության, Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցեր։ Առավոտյան քննարկումների բացումը տրվեց Նատալի Լուազոի (Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ) կողմից։ Հատկանշական է, որ համաժողովի նախօրեին Ն. Լաուզոն գտնվում էր Հայաստանում։ Իր ելույթում, ի թիվս այլ հարցերի, նա անդրադարձավ նաև Հայաստան կատարած իր այցին խոսելով Ղարաբաղյան հակամարտության և սահմանային իրավիճակի մասին:

Նշենք, որ համաժողովին որպես բանախոս ներկա էր նաև Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի նախագահ Քսավիե Բերտրանը, ով ավելի վաղ՝ սույն թվականի մայիսին, ժամանել էր Հայաստան և մի շարք բարձրաստիճան հանդիպումների ժամանակ քննարկել էր Ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերը և շեշտել էր ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը։

Համաժողովում ելույթներով հանդես եկան նաև France24-ում միջազգային հարաբերությունների հարցով մեկնաբան Աղմել Շաղյեն, Սորբոնի համալսարանի միջազգային հարաբերությունների և ԵՄ ուսումնասիրությունների գծով դոցենտ Լոռ Դելքուռը, «ԱՊՐԻ Արմենիա»-ի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը, Իսպանիայի արտաքին գործերի նախկին նախարար, Փարիզի միջազգային հարաբերությունների դպրոցի դեկան (Sciences Po) Արանչա Գոնսալես Լայան, Ուկրաինայում Ֆրանսիայի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ դեսպան Ժակ Ֆորը և այլն։