Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, մենք ի՞նչ պետք է անեինք․ Պուտին
05 Հոկտեմբերի 2023, 19:55
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ Պրահայում հայտարարություն է ստորագրվել, որում Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Այնուհետև հայկական ղեկավարությունն ուղղակիորեն անվանեց Ադրբեջանի տարածքը քառակուսի կիլոմետրերով, որի մեջ, անշուշտ, մտնում է նաև Ղարաբաղը, և ընդգծեց, որ ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ շրջանակներում:
«2023 թվականի սկզբին Հայաստանի ղեկավարությունը Բրյուսելում նմանատիպ հանդիպման ժամանակ կրկնեց նույնը։ Հայաստանը որակական փոփոխություններ է կատարել իր դիրքորոշման մեջ։ Այդ պատճառով նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակը դրանից հետո փոփոխության ենթարկվեց։ Այնուհետև Ալիևն առաջարկել է խաղաղապահների շուրջ պայմանավորվել երկկողմ հիմունքներով, Հայաստանի վարչապետը հաստատել է դա։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում ոչ վաղ անցյալում, և Լաչինի միջանցքի փակումն անխուսափելի էր Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումից հետո։ Ամեն ինչ ժամանակի հարց էր, քանի դեռ Բաքուն այնտեղ սահմանադրական կարգ կհաստատի», — նշել Է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին տեղեկացել է մամուլից՝ ընդգծելով, որ Ռուսաստանին այդ մասին առանձին չի ծանուցվել։