Հայաստանը ըմբշամարտը չի ներառել Ֆրանկոֆոնյան խաղերում

29 Հուլիսի 2025, 12:10

Սպորտ

2027թ ամռանը Երևանում անցկացվելիք 10–րդ Ֆրանկոֆոնյան խաղերին ըմբշամարտը ներառված չէ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

«Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այնտեղ, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար:

Անդրադառնամ դրանցից մեկին, որն ունի միջազգային նշանակություն:

2027թ ամռանը Երևանում անցկացվելու են 10-րդ Ֆրանկոֆոնյան խաղերը:

Սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։

Հայկական կողմից գլխավոր պատասխանատուն (առնվազն դե ֆակտո), սպորտի «մեծ գիտակ», առհասարակ՝ «ամենագետ», Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է:

Հայկական կողմը ներկայացնողները Ֆրանկոֆոնյան խաղերի կազմ կոմիտեին առաջարկել են ներառել հետևյալ մարզաձևերը՝

աթլետիկա, պարաաթլետիկա, բրեյքդանս, ծանրամարտ, բասկետբոլ 3×3, սայլակով բասկետբոլ ֆուտբոլ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս։

Ինչպես նկատեցիք, երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը ցանկում չկա:

Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է:

Նաև փորձում են հասկանալ, թե ինչու՞ է ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձևից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել…

Ինչևէ, առաջարկում եմ ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ:

Որպեսզի նախապես կանխեք հեքիաթասացությունը գլխավոր «հերոսի» կողմից, մի քանի պարզաբանում:

Միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձևերի ցանկ: Հիմնականում դրանք լինում են այն մարզաձևերը, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ: Ըմբիշներն էլ պատրաստ են պատվով ներկայացնել պետությունը:

Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը:

Դեռ ավելին. Հայաստանի պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ…

Թեպետ խաղերին մնացել է 2 տարի, առայժմ գոյություն չունի նույնիսկ կապի հստակ գործող միջոց խաղերի կազմկոմիտեի հետ…»,- գրել է Ջուլֆալակյանը։

Հիմա եթերում