Հայաստանը զգալիորեն հեռացել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների հանդեպ հավատարմությունից. Վլադիմիր Շապովալով
02 Ապրիլի 2026, 22:45
ՄԳԻՄՕ-ի համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։
«Փաշինյանը ձգտում է վարել քաղաքականություն, որը միտված է Արևմուտքի երկրների հետ մերձեցմանը, սակայն միևնույն ժամանակ ցուցադրում է հավատարմություն այն ինտեգրացիոն նախագծերին և միություններին, որոնք գործում են հետխորհրդային տարածքում, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։ Նախևառաջ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններին հղում անելուն, այն դեպքում, երբ գործնականում Հայաստանը բավականին հեռացել է ռուս-հայկական գործընկերային և դաշնակցային հարաբերությունների հանդեպ լոյալության դիրքից։
Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը փորձում է ցույց տալ, որ ինքը դեմ չէ և չի զբաղվում ռուս-հայկական դաշինքի քանդմամբ՝ այս ուղղությամբ կատարելով որոշակի, այդ թվում՝ ցուցադրական քայլեր։ Այդպիսի քայլերից մեկն էլ Մոսկվա՝ Ռուսաստան կատարած այցն է»,- նշել է Շապովալովը։
Փորձագետի խոսքով՝ Փաշինյանի այցի հիմնական պատճառը 2026 թվականի հունիսին Հայաստանում նախատեսվող ընտրություններն են։
«Փաշինյանը փորձում է ազդանշան ուղարկել հայկական հասարակությանը՝ ընդգծելով Ռուսաստանի հետ բարեկամությունը և Հայաստանի համար ավանդական պատմական ընտրության շարունակականությունը։ Այդ կերպ նա փորձում է պահպանել ընտրողների այն խմբերի լոյալությունը, որոնք կողմ են այդ ավանդույթի շարունակությանը, ինչպես նաև թուլացնել իր ընդդիմախոսներին, որոնք պնդում են, թե Փաշինյանը պրոարևմտյան քաղաքական գործիչ է։ Հենց այս հանգամանքներով էլ, առաջին հերթին, պայմանավորված է տվյալ այցը», — ընդգծել է Շապովալովը։
Քաղաքագետի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան այցի օրակարգի կարևոր բաղադրիչներից է նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, քանի որ ռազմական գործողությունների ընդլայնումը լուրջ սպառնալիք է Հայաստանի համար։
«Ռազմական գործողությունները տեղի են ունենում Հարավային Կովկասին անմիջական հարևանությամբ, և Հայաստանի համար այս հանգամանքը խիստ մտահոգիչ է, քանի որ մարտական գործողությունները փաստացի ընթանում են հայկական սահմանների շուրջ։ Իհարկե, սա չի կարող անհանգստություն չառաջացնել հայ հասարակության մեջ, և կարծում եմ, որ դա նույնպես կարող է լինել Նիկոլ Փաշինյանի այցի օրակարգի մի մասը»,- եզրափակել է Շապովալովը։