Հայաստանյան եպիսկոպոսաց և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

26 Նոյեմբերի 2025, 15:46

Քաղաքականություն

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ 2025 թ. նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ժողովին քննարկվեց վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
Եպիսկոպոսաց դասը դատապարտելի նկատեց սույն երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով։
Ժողովը կարևոր նկատեց, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման»,- ասվում է հաղորդագրության մեջ: