Հայախոս կարդինալին խնդրեցինք պատմել Նարեկացու մասին, բայց ասաց՝ հայերենս չի բավարարում, որ ինձ թույլ տամ. Ռուզաննա Ղազարյան
29 Մայիսի 2025, 22:00
«Նարեկացի» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է Տիեզերական Եկեղեցու Վարդապետ Գրիգոր Նարեկացու կյանքին և ստեղծագործությանը, շուտով կհայտնվի էկրաններին։
Ֆիլմի հեղինակ և պրոդյուսեր Ռուզաննա Ղազարյանը տարիներ շարունակ «Նարեկի» ընթերցումների միջոցով եկել է ֆիլմ նկարելու գաղափարին։ Նա ձգտել է գտնել պատասխաններ այն հարցերին, թե որն է «Նարեկ»-ի խորհուրդը, ի՞նչ աստվածաբանական, փիլիսոփայական և գրական հետք է թողել Նարեկացին մարդկության պատմության մեջ, և որտե՞ղ են հատվում հավատի ու ազատության սահմանները։
Ֆիլմը կյանքի է կոչվել, երբ պատահականորեն Ռուզաննան առաջարկ է ստացել նկարահանել Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» Գ գլխի ընթերցումը՝ հայտնի անձանց մասնակցությամբ։
Ֆիլմի ստեղծման գործում կարևոր դերակատարություն են ունեցել Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ, Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը, ով ստանձնել է ֆիլմի խորհրդատուի դերը։ Նրա ջանքերով ֆիլմում ներգրավվել են աշխարհի լավագույն հայագետներն ու աստվածաբանները, ինչպիսիք են՝ Լևոն Զեքիյանը, Աբրահամ Տերյանը, Հայր Շահե վարդապետ Անանյանը, սարկավագ Հայկ Իութիջյանը, կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին և այլք։
«Նկարահանումները իրականացվել են Չեխիայում, ԱՄՆ-ում, Պոլիսում և Վատիկանում: Կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին խոսել է «Նարեկ»-ի և դրա աստվածային շնորհի մասին, խոսել է նաև այն մասին, թե ինչպես է Գրիգոր Նարեկացին դարձել Տիեզերական Եկեղեցու վարդապետ-ուսուցիչ»,- Alpha News-ի հետ զրույցում նշել է ֆիլմի հեղինակը:
Մանրամասները՝ տեսանյութում: