Հայազգի Ռոմեոն համաշխարհային բեմերն է նվաճում
Ֆրանսիական ամենահայտնի «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլի 20 տարվա պատմության մեջ առաջին անգամ Ռոմեոյին կերպավորող Դամիեն Սարգին փոխարինող դերասան է բեմ բարձրացել: Նա 20-ամյա ֆրանսահայ Հակոբ Ղասաբյանն է, որը եվրոպական լսարանին հայտնի է Ֆրանսիական «Ձայնը» նախագծից (The Voice):
Արտիստական կազմն արդեն 4 ամիս է՝ Չինաստանում շրջագայության է եւ երկու տասնյակ չինական քաղաքների բեմերում ներկայացրել է այս մյուզիքլը: Հակոբ Ղասաբյանի շնորհիվ աֆիշներին հայտնվել է հայկական -յան վերջածանցով ազգանունը: Հայազգի Ռոմեոն գրավել է հազարավոր հանդիսատեսի սրտերը: Հակոբը Շունջու քաղաքից տեսակապով զրուցել է Alpha News-ի հետ ուղիղ եթերում և նշել, որ իրեն տրված այս հնարավորությունն իսկական անակնկալ էր. իրեն բախտավոր է համարում դրա համար: Բեմելներն անցնում են բազմահազարանոց լեփ-լեցուն դահլիճներում:
«Հանրահայտ մյուզիքլի կոմպոզիտոր և լիբրետոյի հեղինակ Ժերար Պրեսգյուրվիկի դուստրը, որն այժմ այս նախագծի պրոդյուսերն է, անձամբ ինձ հետ կապ հաստատեց ամիսներ առաջ և առաջարկեց Ռոմեոյի դերերգը: Դե, Դամիեն Սարգն արդեն 40-ն անց է, և այս դերի համար արդեն մեծ է: Դամիենը 20 տարի է՝ Ռոմեոյի դերերգն է կատարում, և ինքն էլ անձամբ ինձ ասել է, որ ցանկանում է իրեն արժանի փոխարինող գտնել, որ այս մյուզիքլը երկար կյանք ունենա»,- պատմել է Ռոմեոյի հայազգի դերակատարը, միևնույն ժամանակ չմեծամտանալով, նշել է՝ իրեն չի համարում Սարգի մասշտաբի երգիչ:
Պաշտպանված հեղինակային իրավունքներով մյուզիքլի տեսագրությունը ցուցադրելու և տարածելու հնարավորություն չունենալու պատճառով՝ Հակոբը Alpha News-ի ուղիղ եթերում Ռոմեոյի դերերգի գլխավոր արիայից՝ Aimer-ից (Սիրել), հատված է կատարել:
Հիշեցնենք՝ «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլը Ժերար Պրեսգյուրվիկը ադապտացրել է Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա: Այն առաջին անգամ բեմ է բարարձրացել 2001 թվականին Փարիզում, որից հետո ներկայացվել է աշխարհի 46 երկրի բազմաթիվ քաղաքներում:
Մանրամասները՝ տեսանյութում: