Հայերի դեմ սև ցուցակ կա Ադրբեջանում և Փաշինյանի Հայաստանում. սփյուռքահայ Ասլան Ասլանյանի մուտքը ՀՀ արգելվել է

Նիկոլ Փաշինյանի կառավարության համար անցանկալի անձանց ցանկն ընդլայնվում է: Նիդեռլանդների քաղաքացի Ասլան Ասլանյանը 5-րդ հայն է, որի մուտքը ՀՀ արգելվել է:

Հուլիսի 20-ին վաղ առավոտյան ժամը 4-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում Նիդեռլանդների քաղաքացի Ասլան Ասլանյանին թույլ չեն տվել ՀՀ սահմանը հատել: Նրան որևէ իրավական պատճառաբանություն չեն ներկայացրել և որևէ բացատրություն չեն տվել: Ավելի քան տասը ժամ օդանավակայանի չեզոք գոտում մնալուց հետո, միայն, Ասլանյանին պաշտոնապես տեղեկացրել են, որ նրա մուտքը ՀՀ արգելված է:

Ասլանյանի ձեռքից վերցրել են նրա հոլանդական անձնագիրը և ասել, որ նա պետք է վերադառնա Նիդեռլանդներ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամար Քրիստինե Վարդանյանը Alpha News-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ սա հայտնի ձեռագիր է: Նախորդ տարվանից մինչև հիմա ՀՀ իշխանությունը քաղաքական հայացքների պատճառով անցանկալի անձ է ճանաչել 5 սփյուռքահայի: Ըստ Վարդանյանի՝ սա քաղաքական հետապնդման ենթարկելու մեթոդներից մեկն է:

«Բոլոր 4 գործերով արդեն իսկ դատական գործընթաց է իրականացվում: Այս դեպքն էլ իրավական ճանապարհով կվիճարկվի: Սա քաղաքական հետապնդում է ազգությամբ այն հայերի հանդեպ, ովքեր քննադատել են Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, մասնակցել հանրահավաքներին: Սև ցուցակներ գոյություն ունեն Ադրբեջանում և Նիկոլ Փաշինյանի Հայաստանում»,- ընդգծել է պատգամավորը:

Հիշեցնենք, 2022 թվականի հուլիսի 13-ին ֆրանսահայ հասարակական գործիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF France) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքն էր արգելվել ՀՀ՝ նույն սցենարով: Այնուհետև Նիդեռլանդների քաղաքացիություն ունեցող Սյունե և Մասիս Աբրահամյաններն էին ճանաչվել անցանկալի անձ Հայաստանի համար: Հայրն ու դուստրը պատրաստվում էին Սյունիքում մասնակցել ՀՅԴ ARF Youth Office-ի նախաձեռնած կամավորական ճամբարներին: 2023-ի հունվարին էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» երիտասարդական կազմակերպության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքն է արգելվել Հայաստան: Նժդեհը համոզմունք էր հայտնել, որ իրենք Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դեմ է՛լ ավելի են մեծացրել ճնշումը, և հավանական էր համարել, որ Ադրբեջանի դեսպանատան վրա գործադրված այդ ճնշումները դուր չեն եկել ՀՀ իշխանությանը:

Հիմա եթերում