Հայերի վերադարձի իրավունքը պետք է պաշտպանվի և մնա մեր երկարաժամկետ նպատակը․ Միրիամ Լեքսման

Սլովակիայից Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանն Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի հարցին։

Պատգամավորի կարծիքով՝ անհրաժեշտ է նախաձեռնել քննարկում Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց ծագման վայրեր վերադառնալու իրավունքի վերաբերյալ։

«Այս թեման անպայման կքննարկվի։ Սակայն այն միակողմանի լուծել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է այս քննարկումներում ներգրավել նաև Ադրբեջանին։ Եվ մինչև որևէ որոշման ընդունումը՝ պետք է երաշխավորվի փախստականների անվտանգությունը։

Ես գիտեմ Հայաստանի կառավարության դիրքորոշումն այս հարցում։ Մյուս կողմից կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկվի իշխանությունների մակարդակով, քանի որ Եվրոպական միությունը մշտապես աջակցում է մարդկանց իրենց ծագման վայրեր վերադառնալու իրավունքին։

Այդ պատճառով ես միանշանակ պատրաստվում եմ նախաձեռնել այս քննարկումը․ սա չափազանց կարևոր թեմա է։ Ինչպես արդեն նշել եմ, անվտանգության բոլոր երաշխիքները պետք է նախապես ապահովվեն։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստը, առկա հակամարտությունները և դրանց ուղեկցող հանգամանքները։ Սակայն մարդկանց վերադարձի իրավունքը պետք է պաշտպանվի և մնա մեր երկարաժամկետ նպատակը»,- նշել է պատգամավորը։