Հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ միջազգային իրավունքի հարց է. եվրապատգամավոր
16 Դեկտեմբերի 2025, 23:30
Հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ ոչ թե քաղաքական ընտրության, այլ միջազգային իրավունքի հարց է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին՝ մեկնաբանելով այն, որ պաշտոնական Երևանը հրաժարվում է պաշտպանել այդ իրավունքը և կարծում է, որ փախստականները չպետք է վերադառնան:
«Հայերն իրենց տարածքում, իրենց տներում էթնիկ զտումների զոհ են դարձել։ Պետք է համակարգային նախապատրաստություն տարվի այդ տարածք նրանց վերադարձի համար։ Եվ ես կարծում եմ, որ մենք երբեք չպետք է հրաժարվենք այդ վճռորոշ սկզբունքից», — ընդգծել է եվրապատգամավորը։
Խոսելով այն մասին, թե կարող է արդյոք նա արդարացնել միջազգային իրավունքի խախտմամբ նման դիրքորոշում որդեգրած հայկական կառավարությանը, ինչպես նաև այն, որ «Եվրանեսթ»-ի բանաձևում այդ հարցը չի ներառվել Հայաստանի իշխանությունների պահանջով, նա նշել է.
«Անկեղծ ասած, ես դա չեմ մեկնաբանի, ես դա չգիտեի: Մենք պետք է աշխատենք, որպեսզի Եվրոպական խորհրդարանը երբեք չհրաժարվի այս սկզբունքային հարցից։ Նրանք պարտավոր են հարգել միջազգային իրավունքը։ Ամեն դեպքում, դա չի փոխում իմ կարծիքը, որ մենք պետք է հավատարիմ մնանք այս սկզբունքին և կշարունակենք դա անել: Մենք պետք է աշխատենք վերադարձի նախապատրաստման կառուցվածքային մեխանիզմի վրա։ Սա նաև ազդանշան է այն բանի, որ գործընթացը շարունակվում է, և որ այն չպետք է դադարեցվի։
Այս շաբաթ մենք քվեարկում ենք Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կոշտ բանաձևի օգտին։ Սա ուղղակիորեն կապված չէ տվյալ հարցի հետ, սակայն ես կարծում եմ, որ մենք, այնուամենայնիվ, պետք է պահպանենք հստակ և հետևողական դիրքորոշում Հայաստանի վերաբերյալ»։