Հայերը դեմ են Բայդենին, քանի որ նա մեղսակից է Արցախի հայերի բռնի տեղահանմանը․ Ռոստոմ Սարգսյան

16 Օգոստոսի 2024, 22:46

Քաղաքականություն

Ցանկացած պետություն Հայաստանի նկատմամբ ինչ վերաբերմունք ցույց է տալիս, դա ուրեմն իր շահից է բխում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ, դասախոս Ռոստոմ Սարգսյանը։

«Բայդենը, Հարիսը Հայաստանի նկատմամբ լինելու են այնպես, ինչպես եղել են։ Ամեն երկիր ինքն իր շահին է նայում։ Կապ չունի, թե ով է նախագահը։ Նախագահը կարող է պայքարը առաջ տանել, կարծիք առաջ տանել, բայց եթե այդ կարծիքը ԱՄՆ-ի շահերին դեմ է կամ ԱՄՆ-ի շահերն առաջ չի տանում, ուրեմն ինչ-որ քայլեր չի անի նախագահը։ Ցանկացած պետություն Հայաստանի նկատմամբ ինչ վերաբերմունք ցույց է տալիս, դա ուրեմն իր շահից է բխում։ Պետք է մենք՝ հայերս էլ մեր շահին նայենք։ Պետք է մտահոգվենք Հայաստանի համար»,- ասել է Սարգսյանը։

Մեր զրուցակիցը համաձայն է այն կարծիքին, որ Ջո Բայդենն իր մեղսակցությունն ունի արցախահայերի բռնի տեղահանման գործում։ Ռոստոմ Սարգսյանը խորհուրդ է տալիս ամերիկահայերին, որ իրենց ուզածը պահանջեն։

«Հայերը դեմ են Բայդենին, քանի որ նա մեղսակից է Արցախի հայերի բռնի տեղահանմանը։ Մեր գաղութը փոքր է, ավելի քիչ մասնակցություն ենք ունենում։ Մենք պետք է մեր ձայնի համեմատ մեր ուզածը պահանջենք։ Ամերիկահայերը կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Կան և՛ հանրապետական, և՛ դեմոկրատ, և՛ չեզոք հայեր, կան նաև այնպիսի մարդիկ, որ ոչ մի բանի չեն հավատում։

Եթե ընտրություններում հաղթի Թրամփը, առաջին հերթին փոխվելու է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը։ Ամերիկան պատերազմ չի ուզում։ Կարող է ուրիշներին զենք վաճառեն՝ պատերազմի համար, բայց կոնկրետ ԱՄՆ-ն դա չի ուզում»,- եզրափակել է Ռոստոմ Սարգսյանը։

Հիմա եթերում