Հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը Եվրամիության անգործության պատճառով. Եվրապատգամավոր

18 Հունվարի 2024, 18:05

Կարծիք | Քաղաքականություն

Կարծում եմ՝ սարսափելի է, որ Եվրամիությունը փաստացի ընդունում է Ալիևի գործողությունները: Այս մասին Alpha News-ին ասել է Նիդեռլանդներից Եվրախորհրդարանի պատգամավոր Անյա Հագան (Anja Haga):

«Մարդիկ լքել են Լեռնային Ղարաբաղը քանի որ ԵՄ-ն ոչինչ չի արել։ Մենք հիմա տեսնում ենք, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ ունի փոխըմբռնման հուշագիր և գազի մասին համաձայնագիր, և ես մի քանի անգամ դիմել եմ Եվրոպական հանձնաժողովին՝ պահանջելով վերջ տալ այդ հուշագրին, որովհետև ընդունելով Ադրբեջանի հետ համաձայնագիրը՝ ԵՄ-ն փաստացի հավանություն է տալիս Ադրբեջանի գործողություններին», — ընդգծել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն չպետք է ընդունի այդ գործողությունները, պետք է դիրքորոշում ընդունի և Ադրբեջանին մատնանշի, որ ինքը հեռու է գնացել։

«Անհրաժեշտ է խզել գազի վերաբերյալ համաձայնագիրը։ Բացի այդ, որոշում է կայացվել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հաջորդ գագաթաժողովն անցկացնել Ադրբեջանում, և ԵՄ-ն պետք է դեմ հանդես գա: Չի կարելի թույլ տալ, որ նախագահ Ալիևը, որն իր մասին հայտարարել է որպես ագրեսոր, դառնա գագաթնաժողովի առաջատարը։ Կարծում եմ՝ կարևոր է, որ Եվրոպական հանձնաժողովը բացեիբաց դեմ արտահայտվի, բայց նրանք չեն անում, և մեր դերը, որպես Եվրոպական խորհրդարանի անդամների, այն է, որ անընդհատ խոսենք այն մասին, ինչ նրանք պետք է անեն: Ես անընդհատ հարցեր եմ տալու, նախագծեր եմ ներկայացնելու բանաձևերի համար և անընդհատ ուշադրություն եմ հրավիրելու այդ հարցերին։ Ցավոք, մինչ օրս Եվրահանձնաժողովն իրականում ոչինչ չի ձեռնարկել, բայց ես չեմ հանգստանա և կպայքարեմ Հայաստանի համար», — նշել է Հագան։

Նա հավելել է, որ Եվրախորհրդարանում կան մի խումբ պատգամավորներ, որոնք իր նման պայքարում են այդ խնդրի լուծման համար, բայց դեռ շատ պատգամավորներ կան, որոնք կարծում են՝ Ադրբեջանի հետ համաձայնագիրն այդքան էլ մեծ խնդիր չէ:
«Ինձ թվում է հայկական հարցը և հայկական իրավիճակն առանձնապես ծանոթ ու հասկանալի չէ խորհրդարանի բոլոր պատգամավորներին, և մենք պետք է վստահ լինենք, որ նրանք տեղյակ են իրավիճակի մասին, և շատ լավ է, որ դուք այստեղ եք և անընդհատ ուշադրություն եք դարձնում այդ հարցերին, շարունակեք դա անել, որովհետև եթե ուշադրություն չլինի Հայաստանի իրավիճակին, Ադրբեջանի դեմ գործողություններ չեն լինի։ Մենք պետք է շարունակենք պայքարը, դա այն ամենն է, ինչ կարող ենք», — եզրափակել է նա։