Հայերը պետք է ունենան Լեռնային Ղարաբաղ վերադարձի և իրենց տների պահպանման իրավունք․ Նատալի Լուազո
10 Փետրվարի 2026, 23:45
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհնար է առանց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնման։ Այս մասին Alpha News-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն։
«Նախևառաջ, ուրախ եմ, որ Հայաստանը մոտենում է խաղաղությանը։ Սակայն հիասթափված եմ, որ Եվրամիությունը ժամանակին չկարողացավ անել այն, ինչ ի վերջո արեց Թրամփի վարչակազմը»,- ասել է նա։
Լուազոն ընդգծել է, որ թեթևություն է զգում հայ զինվորների ընտանիքների համար, քանի որ լավ գիտի, թե ինչ գին վճարեցին երիտասարդ հայերը 2020 թվականի պատերազմում։ Միաժամանակ, ըստ նրա, չի կարելի մոռանալ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի մասին։
«Նրանք պետք է ունենան վերադարձի իրավունք, պահպանեն իրենց տներն ու արմատները Լեռնային Ղարաբաղում։ Անկախ նրանից, թե միջազգային իրավունքի տեսանկյունից ով է տարածաշրջանի կառավարիչը, այնտեղ ապրում են մարդիկ, որոնք դարեր շարունակ եղել են այդ հողի վրա։ Մինչ օրս Բաքվում կան կալանավորված անձինք, որոնց անհրաժեշտ է ազատ արձակել»,- նշել է Լուազոն։
Պատգամավորի խոսքով՝ Եվրամիությունը կդրսևորեր իրեն որպես հուսալի գործընկեր, եթե պնդեր Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը և բոլոր կալանավորվածների ազատ արձակման անհրաժեշտությունը։
Դիտարկմանը, թե Հայաստանի կառավարությունը չի կիսում այդ տեսակետը, Լուազոն պատասխանել է․ «Դա ձեր կարծիքն է»։
Երբ լրագրողը հստակեցրել է, որ Հայաստանի վարչապետը բառացիորեն նման հայտարարություն է արել, նա կրկին ընդգծել է․ «Դա ձեր կարծիքն է, ոչ թե փաստ»։