Հայկ Ասատրյանի և Վարդան Դանիելյանի «Տղաները հարավից» սերիալը կթողարկվի հուլիսի 17-ին

17 Հուլիսի 2025, 09:40

Մշակույթ

Հուլիսի 17-ին «Wink.ru» օնլայն կինոթատրոնում կմեկնարկի պրոդյուսերներ և գլխավոր դերակատարներ Հայկ Ասատրյանի և Վարդան Դանիելյանի «Տղաները հարավից» կատակերգական սերիալը:

Սերիալի գլխավոր հերոսները երկու ընկերներ են՝ համեստ Վարդանը (Վարդան Դանիելյանի և արկածախնդիր Գերան (Գեորգի Ռոգոնյան), որոնք ապրում և աշխատում են որպես ավտոմեքենաների ներկարարներ հարմարավետ հարավային քաղաքում: Երկուսն էլ երազում են բարեկեցիկ և երջանիկ կյանքի մասին, սակայն դրա համար միջոցները մշտապես չեն բավարարում։ Փորձելով բարելավել իրենց ֆինանսական վիճակը՝ ընկերները մի օր որոշում են ընդլայնել իրենց բիզնեսը և բացել ժամանակակից դետեյլինգի կենտրոն:

Նրանք ձեռնամուխ են լինում գործին, բայց դեռ չեն պատկերացնում, թե ինչ խնդիրների հետ կբախվեն իրենց նպատակին հասնելու ճանապարհին. ստիպված կլինեն նոր ավտոտնակ գնել, սովորել վերականգնել մեքենաների արտաքին տեսքը և գտնել աշխատակիցներ, որոնք առաջին իսկ հնարավորության դեպքում չեն կողոպտի իրենց։ Այս ամենը միանգամից չի ստացվի, բայց ի վերջո ընկերները կկարողանան հաջողության հասնել։