Հայկ Ավանեսյանը՝ Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

27 Օգոստոսի 2024, 15:05

Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ,60 կգ քաշային Հայկ Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել Հորդանանում ավարտված Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ավանեսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով առավելության է հասել Պուերտո Ռիկոյի ներկայացուցչի նկատմամբ, քառորդ եզրափակչում Ավանեսյանը 13:2 հաշվով հաղթել է Թուրքիան ներկայացնող Բիլալ Ինջեին, սակայն կիսաեզրափակչում պարտություն է կրել և պայքարել բրոնզե մեդալի համար:

Վճռորոշ գոտեմարտում Ավանեսյանը 5:2 հաշվով հաղթել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Դանուշ Ջովկարին:

Մ17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար պայքարել են նաև 45 կգ քաշային Մհեր Հակոբյանն ու 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, սակայն զիջել են մրցակիցներին:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի կազմում ընդգրկված էին նաև Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Վահե Սաղյանը (71 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ), Հրաչիկ Մկրտչյանը (92 կգ) և Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ):

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էին նվաճել Մ17 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Հայաստանի թիմի կազմում ԱԱ-ի արծաթե մեդալին և փոխչեմպիոնի կոչմանն արժանացել էր 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, իսկ բրոնզե մեդալները նվաճել էին Յուրիկ Մխիթարյանը (55 կգ) և Նարեկ Գրիգորյանը (65 կգ):

Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը 576 ըմբիշ է մասնակցել: