«ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ». AUDIOBOOK

30 Հոկտեմբերի 2023, 22:00

Կրթություն

Alpha News-ի բացառիկ ուսուցողական նախագիծը՝ Audiobook-ը, ներկայացնում է հայկական առասպելը՝ «Հայկ եւ Բել»-ը, որը պահպանել է պատմահայր Մովսես Խորենացին: «Հայկ եւ Բել»-ի առասպելը, ըստ էության, հայ էթնոսի ձևավորման արտացոլումն է ու հայ ժողովրդի հերոսական անցյալի ամենահին դրվագը:

Առասպելը պատմում է հայոց էպոնիմ և հետագայում աստվածացված Հայկի մասին, որը հաղթեց Տիտանյան Բելին: Բելը պատգամաբեր է ուղարկում Հայկին՝ հնազանդվելու առաջարկով: Հայկը մերժում է այն, որից հետո Տիտանյան հսկան արշավում է Հայկի երկիր՝ բռնի ուժով նրան ու նրա գերդաստանը հնազանդեցնելու:

Անվախ ու քաջասիրտ դյուցազուն Հայկը ելնում է զորականներով շրջապատված Բելի դեմ և լայնալիճ աղեղով նետահարում նրան: Ապա Բելի դին զմռսում է, հրամայում թաղել մի բարձրավանդակ տեղում՝ ի տես բոլորի: Հայերի երկիրը նրա անունով է կոչվում Հայք:
Առասպելի ուղերձը՝ պայքարից չվախենալու եւ հաղթելու, առավել քան արդիական է այսօր:

Բարձրորակ և ժամանակակից ոճով կատարված ձայնագրությունը կօգնի աշխարհի որևէ երկրում ապրող յուրաքանչյուր հայի՝ հարմար և հաճելի ճանապարհով ամուր կապ պահպանել ազգային մշակույթի հետ։ Հայ գրականության ամենահայտնի ստեղծագործությունները՝ դպրոցական արդի դասագրքերից, Alpha News-ը ներկայացնում է աուդիոգրքի տարբերակով։

«Հայկ եւ Բել»-ը 9-րդ դասարանի ծրագրում է: Նախագիծն անփոխարինելի է, հատկապես, հայերենին չտիրապետող, բայց արմատներին հավատարիմ մնալ ցանկացող սփյուռքյան լսարանի համար: