Մի քանի համալսարան արդեն հայտարարել է՝ չի մասնակցելու Բաքվում կայանալիք СOP29-ին․ Հայկ Մինասյան
11 Հոկտեմբերի 2024, 23:39
ՀՅԴ «Շանթ» ուսանողական միության հիմնական նպատակն է զարգացնել Հայ Դատը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միության նախագահ Հայկ Մինասյանը:
««Շանթ» ուսանողական միության կազմում կան դաշնակցականներ տարբեր համալսարաններից: Մեր աշխատանքի հիմնական նպատակը Հայ Դատը զարգացնելն է: Մենք կոորդինացնում ենք ԱՄն ու տարբեր երկրների համալսարանների հետ աշխատանքը, երբ խնդիրներ են առաջանում»,- ասել է նա։
Մինասյանի խոսքով՝ ԱՄՆ-ում և այլ երկրների համալսարաններում՝ Կանադայում, Ավստրալիայում և այլն, կան հայկական ուսանողական միություններ։
«Կա ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիա, որի տակ ստորագրել է 197 երկիր: Ամեն տարի մի քաղաք են ընտրում, որտեղ բոլորը հավաքվում են, քննարկում, խոսում իրենց ապագայի նպատակների մասին: Այս տարի գրեթե ամբողջ աշխարհը հավաքվելու է Բաքվում: Բայց միայն երկրներ չեն լինելու: Համալսարաններն էլ ուղարկում են իրենց ներկայացուցիչներին»,- ասել է Հայկ Մինասյանը:
Նա կոչ է անում չգնալ Բաքու՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին, իսկ գնալու դեպքում ՝ բարձրաձայնել հայերի խնդիրների մասին:
«Ամերիկայում կան համալսարաններ, որտեղից ներկայացուցիչներ են ուղարկելու Ադրբեջան՝ մասնակցելու СOP29-ին: Կարծում եմ՝ դա սխալ է: Մենք կոչ ենք անում բոյկոտել, չգնալ, այլ օգնել մեզ և բարձրաձայնել հայ համայնքի խնդիրների մասին: Ուզում ենք հանրային կառույցները գրեն՝ ինչի չեն գնալու, իսկ եթե գնալու են, ապա թող այնտեղ խոսեն այդ ամենի մասին:
Մտածում ենք, որ Բաքվում համաժողովից հետո ասելու են՝ դե եկեք, գնանք Ղարաբաղ, այնտեղ շրջենք: Երբ անցած տարի Դուբայում էր անցկացվում СOP28-ը, Ադրբեջանն այնտեղ տաղավար ուներ, գրված՝ «կանաչ Ղարաբաղ»: Հիմա երբ մարդիկ գնան Բաքու, ասելու են՝ եկեք, մենք ձեզ անվճար կտանենք Արցախ»,- նշել է նա։
Հայկ Մինասյանը նաև տեղեկացրել է, որ արդեն մի քանի համալսարան հայտարարել է՝ չի մասնակցելու Բաքվում կայանալիք համաժողովին: «Դրանցից մեկը Կոլումբիայի համալսարանն է»,- հավելել է նա։