Հայկական ԱԷԿ-ը 2026թ-ին հինգ ամսով կդադարեցնի աշխատանքը

06 Հունվարի 2026, 16:44

Տնտեսություն և Բիզնես

Հայկական ատոմային էլեկտրակայանը 2026 թվականին նախատեսում է հինգ ամսով դադարեցնել իր գործունեությունը՝ շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ծրագրի երկրորդ փուլի աշխատանքներն իրականացնելու նպատակով։

Ինչպես հայտնել է «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, ծրագրի առաջին փուլը (2016–2026 թթ.) մոտենում է ավարտին։ Հաջորդ փուլում նախատեսվում է փոխարինել կայանի հովացման համակարգերը։ Ծրագրի իրականացման համար կնքվել է շրջանակային համաձայնագիր ռուսական «Ռոսատոմ» կորպորացիայի հետ։

Նախնական գնահատականներով՝ նոր համակարգի տեղադրումը պետք է տևեր շուրջ 160 օր, սակայն ռուս գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ժամկետը կրճատվել է մինչև 140 օր։ Արդյունքում կայանը կդադարեցնի աշխատանքը 153 օրով, ինչպես նաև անհրաժեշտ կլինեն մի քանի լրացուցիչ օրեր՝ կայանի անջատման և կրկնակի գործարկման համար։