Հայկական «АРМ.МИИТ» թիմը՝ Մոսկվայում կայացած մինի-ֆուտբոլի մրցաշարի հաղթող

03 Դեկտեմբերի 2024, 20:30

Սպորտ

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հայկական հայրենակցական միության մարզական բաժինը կազմակերպել է մինի-ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցել են Մոսկվայի լավագույն բուհերի 16 ուժեղագույն թիմեր: Մրցաշարը բաղկացած էր երկու փուլից։

Առաջին փուլը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին։ «АРМ.МИИТ» թիմը արժանապատվորեն դրսևորել է իրեն և դուրս եկել փլեյ-օֆֆ, որը կայացել է նոյեմբերի 30-ին։ Եզրափակչում հանդիպել են 8 ուժեղագույն թիմեր, որոնք ներկայացնում էին հետևյալ համալսարանները՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը, Ֆինանսական համալսարանը, Բարձրագույն տնտեսագիտական դպրոցը, Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանը, Ի. Մ. Գուբկինի անվան Ռուսաստանի նավթի և գազի պետական համալսարանը, Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանը:

Մրցաշարի արդյունքներով առաջատարների եռյակը հետևյալ տեսքն ունի. Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիան զբաղեցրել է 3-րդ տեղը, Ի. Մ. Սեչենովի անվան Մոսկվայի պետական բժշկական համալսարանը՝ 2-րդ տեղ, իսկ «АРМ.МИИТ»-ը զբաղեցրել է պատվավոր 1-ին տեղը:

«Մրցաշարի լավագույն խաղացող» մրցանակը ստացել է «АРМ.МИИТ»-ի կապիտան Հարություն Գրիգորյանը, իսկ «Մրցաշարի լավագույն դարպասապահ» մրցանակը՝ Հովիկ Մելիքսեթյանը, ով նույնպես ներկայացնում է «АРМ.МИИТ»-ը: