«Հայկական բազեի» կյանքն ու սխրանքը. Նելսոն Ստեփանյան

28 Մարտի 2026, 20:00

Հայեր

Նելսոն Ստեփանյանը լեգենդար խորհրդային օդաչու է, Խորհրդային Միության կրկնակի հերոս, որի անունը հավերժ մնաց որպես քաջության ու ինքնազոհության խորհրդանիշ ։

Նելսոն Ստեփանյանը ծնվել է 1913 թվականի մարտի 28-ին Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Դեռ մանկության տարիներից հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ, մասնակցել է մրցույթների Մոսկվայում, Կիևում, Բաքվում և Թբիլիսիում։

1930թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի ռազմական ուսումնարանը, 1935թ․՝ Բատայսկի քաղաքացիական նավատորմի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։

1932 թվականին անդամակցել է ԽՄԿԿ-ին, ինչը վկայում էր նրա ակտիվ քաղաքացիական դիրքորոշման մասին։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց հետո նա առանց վարանելու միացել է հայրենիքի պաշտպաններին։ 1941 թվականի ամռանը նա մասնակցել է Օդեսայի համար մղվող մարտերին, այնուհետև կռվել Սևծովյան և Բալթյան ռազմաճակատներում։ Նրա գրոհային ինքնաթիռը՝ Իլ-2-ը, դարձել էր թշնամու իսկական սարսափը․ Ստեփանյանը անձամբ ոչնչացրել է տասնյակ տանկեր, հրետանային դիրքեր և հակառակորդի նավեր։ Նա հայտնի էր ոչ միայն որպես վարպետ օդաչու, այլև որպես առաջնորդ, որին վստահվել է էսկադրիլիայի, ապա՝ գնդի հրամանատարությունը։

Նելսոն Ստեփանյանը երկու անգամ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման․ առաջին անգամ՝ 1942 թվականի հոկտեմբերի 23-ին, երկրորդ անգամ՝ 1945 թվականի մարտի 6-ին (հետմահու)։

Նրա կյանքն ընդհատվել է 1944 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Լիեպայայի շրջանում։ Օդային մարտի ընթացքում նրա ինքնաթիռը խոցվել է, և Ստեփանյանը վնասված Իլ-2-ը ուղղել է դեպի հակառակորդի նավը՝ ոչնչացնելով այն իր կյանքի գնով։ Նա ընդամենը 31 տարեկան էր։

Նրա հիշատակին կանգնեցվել են բամաթիվ հուշարձաններ և կիսանդրիներ՝ Երևանում, Շուշիում, Կալինինգրադում, Սանկտ Պետերբուրգում և Լիեպայում, որոնք սերունդներին հիշեցնում են նրա քաջության մասին։

Նելսոն Ստեփանյանի կյանքը դարձել է վկայություն այն մասին, թե ինչպես կարող է մարդն իր տաղանդը, կամքի ուժն ու հայրենասիրությունը վերածել անմահ սխրանքի։ Նրա սխրանքը հավերժ մնացել է որպես քաջության ու ինքնազոհության օրինակ, իսկ «հայկական բազեն» շարունակում է ապրել սերունդների հիշողության մեջ՝ որպես ոգեշնչման աղբյուր։