Բեռնատարների վարորդներն արդեն 10 օր է չեն կարողանում Վրաստանի տարածքով մուտք գործել Հայաստան
24 Փետրվարի 2026, 20:45
Ավելի քան հարյուր հայկական բեռնատարներ, հիմնականում շինանյութ տեղափոխող, մնացել են Կոբիի տերմինալում՝ Վրաստան-Ռուսաստան սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի հարևանությամբ։
Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունից հայտարարել են, որ որևէ արհեստական խոչընդոտ չկա, իրականացվում են մաքսային հսկողության ստանդարտ ընթացակարգեր։ Նրանք նաև հայտարարել են, որ սկսվել է տրանսպորտային միջոցների անցման թույլտվության փուլային գործընթացը, որը կշարունակվի։
Սակայն վարորդները պնդում են հակառակը։ Բեռնատարի վարորդ Գևորգ Սարգսյանի խոսքով՝ վրացական կողմը փաստացի փակել է դեպի Հայաստան տանող ճանապարհը և անցման համար պահանջում է 700 ԱՄՆ դոլար։
«Պարզապես ուզում են գումար՝ առանց պատճառաբանության։ Հայաստանի կողմից էլ ոչ ոք ոչինչ չի բացատրում։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու հետո»,- նշել է նա։
Փետրվարի 12-ից հայ փոխադրողները հայտնում են, որ իրենց թույլ չեն տալիս Վրաստանի տարածքով մուտք գործել Հայաստան։ Նրանց խոսքով՝ խոսքը մոտ հարյուր բեռնատարի մասին է, և վրացական կողմից պաշտոնական պարզաբանումներ մինչ այժմ չեն ստացել։
«Ասում են՝ կանգնեք, հայկական բեռը բաց չենք թողնի, քանի դեռ հրաման չենք ստացել»,-փոխանցել են վարորդները։