Հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեժիսոր Ժան-Բեռնար Մառլինը վերադարձել է Կանն իր երկրորդ՝ «Սալեմ» ֆիլմով

24 Մայիսի 2023, 13:30

Մշակույթ

Ֆրանսահայ ռեժիսոր Ժան-Բեռնար Մառլինը 2018 թվականի Կաննի քննադատների շաբաթին մեծ աղմուկ էր բարձրացրել Մարսելում իր դեբյուտային՝ «Շեհերազադե» գեղարվեստական ​​ֆիլմով, որը պատմում է երիտասարդ մարմնավաճառի եւ նախկինում կալանավորված անչափահասի հարաբերությունների մասին, ով դառնում է նրա կավատը, Deadline-ի գրածն է փոխանցում News.am Style-ը:

Մառլինն այս տարի վերադառնում է Կանն իր երկրորդ գեղարվեստական ​​ֆիլմով՝ «Սալեմ»-ով, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա «Հատուկ հայացք» ծրագրի շրջանակներում։

Ինչպես «Շեհերազադե»-ն, այնպես էլ այս ֆիլմը փաստագրական մոտեցմամբ ներկայացնում է Մարսելի տխրահռչակ, հանցագործ եւ աղքատ թաղամասերի իրականությունը, սակայն տարբերվում է նրանով, որ Մառլինը ֆանտազիայի մի շերտ է ավելացրել պատմությանը:

«Ես ոչինչ չեմ հորինում իմ ցուցադրածում, բայց միեւնույն ժամանակ այս ֆիլմը երեւակայության գործ է։ Դա երազային ու ֆանտաստիկ հատկանիշներով այլաբանություն է»,- ասել է նա։

Ֆիլմը Կոմորացի դեռահաս Ջիբրիլի մասին է, ով առնչվում է մրցակից տարածքում ապրող գնչուհի աղջկա հետ։

Երբ նա հղիանում է, Ջիբրիլը սկզբում խնդրում է նրան աբորտ անել՝ վախենալով, որ իրենց հարաբերությունները լարվածություն կբորբոքեն տեղական ավազակախմբերի միջեւ:

Հետո նա ակամայից դառնում է ընկերոջ սպանության մեղսակիցը, ով անիծում է նրան՝ նրա գրկում մահանալիս:

Վնասվածքի ենթարկված Ջիբրիլը գալիս է այն եզրակացության, որ իր չծնված երեխան ունի բուժիչ ուժ, որը կփրկի իրեն եւ իր ողջ շրջակայքը սպասվող աղետից:

Բանտում եւ հոգեբուժարաններում եւ այնտեղից դուրս նա վերամիավորվում է իր դստեր հետ՝ նրան եւս կլանելով իր կարողությունների մոլուցքով:

«Երեխան մտնում է հոր ներաշխարհ. դա փոխանցվում է նաեւ նրան: Փոխանցումը ֆիլմի առանցքային բառն է»,- ասում է Մառլինը:

Ռեժիսորն օգտագործել է իր մանկության փորձը՝ դստեր վրա Ջիբրիլի ազդեցությունը նկարագրելու համար, բայց նաեւ նշել, որ այս պատմությունը հատում է իրականության եւ երեւակայության սահմանը:

«Ես ուզում էի հանդիսատեսի մեջ կասկածի սերմ ցանել, թե արդյոք ամեն ինչ ճիշտ է: Ես փնտրում էի այս երկիմաստությունը տարօրինակի եւ հրաշալիի միջեւ»:

«Գաղափարն այն էր, որ ֆիլմը մի քիչ նմանվի վավերագրության: Եթե ​​անգամ այն շեղվեր դեպի ֆանտաստիկա, ես ուզում էի, որ այն հիմնված լիներ իրականության վրա»,- ասել է հայկական ծագում ունեցող ռեժիսորը,- Մարսելը ներգաղթի քաղաք է։ Բոլորն էլ օտար ծագում ունեն, եւ մենք մեծանում ենք այս մշակութային բազմազանությամբ»,-ավելացրել է նա:

Ինչպես «Շեհերազադե»-ում, այնպես էլ այս ֆիլմում ներառված է սիրողական դերասանական կազմ:

Մառլինը 10 ամիս է ծախսել՝ ամբողջ Մարսելից հավաքագրելով ոչ պրոֆեսիոնալ դերասանների, իսկ հետո, եւս հինգ ամիս, փորձեր արել եւ դերերը բաշխել նրանց միջեւ։

«Ես անմիջապես չկողմնորոշվեցի դերերի հարցում․ սեմինարներ արեցի, որտեղ մենք ծանոթացանք միմյանց հետ եւ խաղացինք տարբեր տեսարաններ՝ տեսնելու, թե ովքեր կարող են մարմնավորել առանցքային հերոսներին:

Սա եւ՛ համատեղ աշխատանք է, եւ՛ զուտ՝ գեղարվեստական։ Հենց դա է ինձ հետաքրքրում ֆիլմում։ Դա ոչ մեկն է, ոչ էլ մյուսը։ Այս հիբրիդային մոտեցման կիրառումը եղել է ֆիլմի գլխավոր նպատակներից մեկը»,-ասել է ռեժիսորը։