Հայկական եկեղեցին հալածելով՝ հալածվում ենք նաև մենք՝ հայերս․ Հայկ Մադոյան
08 Փետրվարի 2024, 23:00
Մեր հայերիս խնդիրն այն է, որ մենք Աստծուն վերացական ենք տեսնում, բայց Աստված անձ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց աստվածաբան, «Զորայան» թանգարանի պատասխանատու Հայկ Մադոյանը։
«Երբ մարդու կյանքում խնդիրներ են առաջանում, նրանք սկսում են ավելի շատ Աստծուն փնտրել։ Երբ առողջ ես ու ամեն բան լավ է քեզ մոտ, ցավոք, Աստծուն ամենավերջին տեղում ես թողնում։ Նկատել եմ, որ տարեցներն ավելի հաճախ են եկեղեցում լինում, պատճառն այն է, որ նրանք կյանքի վերջին շրջանում հասկանում են՝ ամենակարևոր արժեքը հենց Աստվածն է։ Մեր խնդիրն այն է, որ մենք Աստծուն վերացական ենք տեսնում, պատկերացնում ենք ինչ-որ ուժ, բայց Աստված անձ է։ Ես շատ եմ կարևորում գիտակից քրիստոնյայի կերպարը, որը չի գալիս եկեղեցի զուտ մոմ վառելու, պատարագին 10-ը րոպե նստելու և գնալու, այլ փորձում է հասկանալ ինչ է կատարվում»,- ասաց Մադոյանը։
Նրա խոսքով՝ մարդիկ եկեղեցի գալիս են թե՛ անձնական խնդիրներից ելնելով, թե՛ ազգային գործոնը հաշվի առնելով։
«Մարդիկ եկեղեցի գալիս են հիմնականում անձնական խնդիրներից ելնելով, բայց բացի դրանից կա նաև ազգայինի գործոնը։ Բայց ինչպես Նարեկացին է ասել, ամեն ինչի դեղն ու դարմանը Հիսուս Քրիստոսն է։
ԱՄՆ-ում նորմալ է, երբ առանձնացնում են եկեղեցուն ազգից, բայց մեր հայկական իրականության մեջ սա ընդունելի չէ ու կործանարար է։ Այսօր մեր հայկական եկեղեցին հալածանքի է ենթարկվում, բայց այս պարագայում ոչ թե եկեղեցին, այլ ազգն է հալածվում։ Եկեղեցի ասելով՝ մենք հոգևորականին ենք պատկերացնում, բայց եկեղեցին մենք ենք ու հենց մենք ենք հալածվում։ Եթե գիտակցենք, որ եկեղեցին մեր հոգևոր մայրն է, ապա գիտակցումն ու վերաբերմունքը նրա նկատմամբ ևս կփոխվի»,- եզրափակեց Մադոյանը։