Հայկական երկաթուղիներն արևմտյան ընկերություններին փոխանցելու համար հող է նախապատրաստվում․ Եվգենի Սեմիբրատով
01 Ապրիլի 2026, 00:00
Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի երկաթուղիների հնարավոր փոխանցման շուրջ ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ հող է նախապատրաստվում հայկական երկաթուղիներն արևմտյան ընկերություններին փոխանցելու համար։
«Այս դեպքում, կարծում եմ, նախապատրաստվում է հող, որպեսզի Հայաստանի երկաթուղիները փոխանցվեն արևմտաեվրոպական՝ ֆրանսիական, բրիտանական և, հնարավոր է, այլ ընկերությունների կառավարմանը։ Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով, որ այս պահին Հայաստանի երկաթուղիները գտնվում են ռուսական վերահսկողության տակ, իսկ ցանկացած երկաթուղի ռազմավարական ենթակառուցվածք է, ապա խոսել Հայաստանի ռազմական-քաղաքական շեղման մասին դեպի եվրատլանտյան ուղղություն, բնականաբար, անհնար է։ Ռազմավարական նշանակության որևէ փոխադրում առանց երկաթուղու անհնար է՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է, և երկաթուղին ունի հսկայական նշանակություն։
Այս համատեքստում, հաշվի առնելով նաև Ադրբեջանի պայմաններով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների հարկադրված կարգավորման գործընթացը, ինչպես նաև Երևանի և Անկարայի հարաբերությունների հնարավոր կարգավորումը, կարելի է ենթադրել, որ հայկական երկաթուղիների վերահսկողության հնարավոր շահառու կարող է լինել նաև Թուրքիան կամ Ադրբեջանը, սակայն ամենայն հավանականությամբ՝ Թուրքիան»,- նշել է Սեմիբրատովը։
Փորձագետի կարծիքով՝ տեղեկատվական դաշտ է նետվում այն գաղափարը, թե պետք է Հայաստանի տարածքից հեռացնել ռուսական երկաթուղիները և այդ ռազմավարական ակտիվը փոխանցել երրորդ կողմերին։
«Այն, որ այս պատմության մեջ այժմ հիշատակվում է Ղազախստանը, կարելի է դիտարկել որպես տեղեկատվական փորձ՝ հասկանալու, թե ինչպես կարձագանքի հասարակությունը։ Քանի որ Ղազախստանը Ռուսաստանի դաշնակից երկիր է, կարող էր թվալ, թե տարբերություն չկա՝ երկաթուղին կառավարում են ռուսները, թե ղազախները։ Սակայն իրականում Հայաստանի երկաթուղիների կառավարման հավակնորդների թվում Ղազախստանը, բնականաբար, չի դիտարկվում», — եզրափակել է փորձագետը։