Հայկական էստրադայի դարաշրջանը Ռաիսա Մկրտչյանի երգերում

25 Փետրվարի 2026, 22:00

Հայեր

Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից է։ Նրա անունը սերտորեն կապված է 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական էստրադային երաժշտության ծաղկման հետ:

Օժտված լինելով սքանչելի ձայնով և արտիստիզմով՝ նա դարձել է իր ժամանակի առաջատար կատարողներից մեկը, իսկ 2006 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Ռաիսա Մկրտչյանն այսօր էլ շարունակում է մնալ հայ երաժշտական արվեստի կենդանի խորհրդանիշը:

Երգչուհին ծնվել է 1942 թվականի փետրվարի 25-ին Երևանում: Ռաիսայի երաժշտական ուղին սկսվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է երաժշտական ուսումնարանում, իսկ հետո սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետում: Հենց այնտեղ էլ բացահայտվել է նրա տաղանդը. սկզբում կոմպոզիտորական ֆակուլտետի ուսանողները, իսկ հետագայում արդեն ճանաչված վարպետները՝ Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Մելիք Մավիսակալյանը, սկսել են երգեր գրել նրա համար:

Դեռևս ուսանողական տարիներին Մկրտչյանը հանդես է եկել Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կազմում՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Նա կատարում էր երգեր Դալիդայի, Սարա Վոանի և շատ ուրիշների երկացանկից, ինչը նրան օգնել է ձեռք բերել բեմական վստահություն, ինչպես նաև մեծ վարպետների՝ Առնո Բաբաջանյանի և Կոնստանտին Օրբելյանի ուշադրությունը:

Ռաիսա Մկրտչյանը դարձել է հայկական էստրադայի ամենաճանաչված երգչուհիներից մեկը: Նրա երկացանկը ներառում էր Հայաստանի առաջատար կոմպոզիտորների երգերը, իսկ կատարումն աչքի էր ընկնում անկեղծությամբ և հուզական խորությամբ: Նա հյուրախաղերով հանդես է եկել ավելի քան տասը երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, Ավստրալիայում, Ուրուգվայում և Արգենտինայում՝ ներկայացնելով հայ երաժշտությունը միջազգային բեմերում: 1975 թվականին դարձել է Լեհաստանի Սոպոտ քաղաքի միջազգային փառատոնի դափնեկիր՝ զբաղեցնելով երրորդ տեղը, ինչը նրա տաղանդի կարևոր ճանաչումն էր հայրենիքի սահմաններից դուրս:

Բացի բեմական գործունեությունից, Մկրտչյանը զբաղվել է մանկավարժությամբ՝ իր փորձը փոխանցելով երիտասարդ կատարողներին: Նա ակտիվորեն մասնակցել է երկրի մշակութային կյանքին, սատարել հայ երաժշտության և էստրադայի զարգացմանը:

Ռաիսա Մկրտչյանի անունը սերտորեն կապված է հայկական էստրադայի մի ամբողջ դարաշրջանի հետ: Նրա ստեղծագործությունը դարձել է Հայաստանի մշակութային ժառանգության մասը, իսկ նրա ձայնն ու երգերը շարունակում են ապրել մարդկանց հիշողության մեջ: Այսօր նա մնում է կենդանի լեգենդ, ում արվեստը ոգեշնչում է նոր սերունդներին և հիշեցնում հայ երաժշտական ավանդույթների հարստության մասին: