Հայկական ֆուտբոլի ապագա աստղը․ 15-ամյա Ավետ Կասպարովը չեխական «Սպարտա» ակումբում է

26 Սեպտեմբերի 2024, 14:20

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականի անդամ 15 -ամյա ֆուտբոլիստ Ավետ Կասպարովը դարձել է չեխական «Սպարտա» ակումբի պատանեկան թիմի անդամ։ Ապրիլի 2-ից նախ մի քանի ամիս փորձաշրջան է անցել, իսկ հուլիսի 28-ից նրան ընդունել են ակումբ։

«ՕՐԵՐ» ամսագրի փոխանցմամբ՝ պատանի ֆուտբոլիստը Պրահայում չեխերեն է սովորում, առցանց նաև հետևում է հայաստանյան դպրոցի դասերին։ Իսկ մինչ այդ մարզիչների ու ընկերների հետ շփվում է անգլերենով և ռուսերենով, երբեմն էլ չեխերենով։

Ազատ ժամերին Ավետը սիրում է խոհանոցում տարբեր ճաշատեսակներ պատրաստել, շախմատ խաղալ կամ նկարել։ «Հատկապես, կավագործություն եմ սիրում»,- ասում է նա։

Ավետը խաղադաշտում հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքերում։ Իր ապագան առայժմ կապում է «Սպարտա»-ի հետ։ Իսկ ընդհանրապես շատ է սիրում նիդերլանդական «Այաքս»-ին, բայց այժմ երկրպագում է «Բարսելոնա» թիմին։

Նշենք, որ Ավետ Կասպարովը Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովի որդին է:

Հիմա եթերում