Հայկական գյուղմթերքը մրցունակ չէ ռուսական շուկայում մեր գյուղատնտեսության վատ մակարդակի պատճառով
07 Հուլիսի 2023, 22:30
Հայկական ցանկացած գյուղմթերք մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում՝ գնից ու որակից ելնելով: Մեր հայրենակիցները, եթե վաճառքի կետերում նկատում են հայկականը, գնում են, մյուսները սպառում են հայկական ծիրանը՝ նայելով գնին, հետո նոր որակին: Որակից հասկացողները շատ քիչ են, և շատերը չեն կարող իրենց թույլ տալ գնել հայկական ծիրանը: Alpha News-ի տաղավարում ասել է ռուսաստանաբնակ գործարար Լևոն Վարդանյանը, որն զբաղվում է հայկական գյուղմթերքի՝ Ռուսաստան արտահանմամբ։
«Քաղաքական փոփոխությունները ազդել են այլ երկրներից ներկրում-արտահանումների վրա `ոչ միայն Հայաստանի, նաև շատ այլ երկրների համար: Ամեն երկիր փորձում է ինչ-որ կերպ զարգացնել իր գյուղատնտեսությունը: Հայ արտահանողները շատ լուրջ սեգմենտ են զբաղեցնում ռուսական շուկայում: Բայց, շատ դեպքերում, հայկականը իր տեղը զիջում է այլ երկրներից ներկրված գյուղմթերքին, որովհետև մեր գյուղատնտեսությունը լավ մակարդակի վրա չէ»,- ասել է հայ գորրծարարը:
Դիտարկմանը, թե շատ հաճախ մարդիկ շփոթում են ուզբեկական ու հայկական ծիրանները, Լևոն Վարդանյանը պատասխանել է.
«Ուզբեկստանում, ուղղակի, շատ մեծ աշխատանք են տանում գյուղատնտեսությունը զարգացնելու համար: Մեզ մոտ այդ ոլորտը բարձիթողի վիճակում է, այն զարգանում է քաոսային մեթոդով՝ որտեղ կտանի ճանապարհը, այնտեղ էլ գնում է: Մոլորություն է մտածել, որ պետական սուբսիդավորման կարճաժամկետ ծրագրերը օգնում են արտահանմանը, դա ստատիսկիկայի վրա չի ազդում»:
Նրա խոսքով՝ հայկական ծիրանի վաճառքը ռուսական շուկայում բավականին լավ է, այն ուզբեկականից տարբերվում է գնով, որովհետև մեր ծիրանի քանակը անհամեմատ փոքր է ուզբեկական ծիրանի քանակից, ուստի, գնով ավելի թանկ է:
Հայկական ծիրանը ավելի շատ վաճառվում է ոչ ցանցային խանութներում, որտեղ հնարավորություն կա որոշակի թանկ գնով վաճառել քիչ քանակ, իսկ մեծ քանակը թանկ գնով անհնար է վաճառել:
Անդրադառնալլով խոսակցություններին, թե Լարսում ստեղծված իրավիճակը խոչընդոտում է հայկական գյուղմթերքի արտահանմանը, վարդանյանը նախ հերքել է այդ լուրերը, ապա նշել Լարսի անցակետի՝ ժամանակ առ ժամանակ վատ աշխատելու պատճառները.
«Ցանկացած մաքսակետում, երբ ինչ- որ մաքսանենգության դեպքեր են լինում, հսկողությունն ուժեղացնում են: Մինչև 2023 թիվը, Լարսը արտահանողների համար պրոբլեմներ առաջացրել է, բայց այս տարի եղանակային պայմանների պատճառով, Լարսի անցակետը հաշված օրեր է նորմալ աշխատել»:
Նա հավաստիացրել է, որ այս պահին խնդիր չկա, նորմալ աշխատանքային ռեժիով անցակետն աշխատում է։