«Հայկական ժամանակ»-ը կանխորոշեց դատարանի որոշումը․ փաստաբանը՝ Կարապետյանի գործի մասին

18 Նոյեմբերի 2025, 13:02

Քաղաքականություն

Այն, ինչ տեղի է ունենում դատարաններում, ինչ խոսում ենք, այն իրավական դիրքորոշումները, որ ներկայացնում ենք, ինչի՞ համար է, եթե կարող է պարզապես «Հայկական ժամանակ» օրաթերթը երեկվա դրությամբ ամբողջ ելքը կանխորոշել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա՝ երեկ մինչ դատարանը քննում էր գործարարի կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը, Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող օրաթերթում գրում էին, որ նրա կալանքը կերկարաձգվի։

Վարդևանյանը նշեց, որ երեկ, ժամը 23:00-ի դրությամբ նույն կերպ պահպանված էր այդ նյութը։

«Նյութի տրամաբանությունը փաստացի 2 ամսվա երկարաձգման մասին էր, ու այդ նյութը ժամը 23։00-ի դրությամբ նույն կերպ պահպանված էր։ Դատական նիստի ժամանակ ես և գործընկերներս բարձրաձայնել ենք այդ նյութի մասին, դատավորն արտահայտեց իր վրդովմունքը, թե իբր «ու՞մ տեղն ենք դրել իրեն», ինքը ո՞նց է կարող է լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվել, բայց 100-ից 100 կանխատեսումը կատարեց։

Ինչպես 2025 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը ուղղակիորեն կանխորոշեց իրավապահների գործողությունը, այս դեպքում էլ «Հայկական ժամանակ» օրաթերթը կանխորոշեց դատական գործընթացը, դատարանի որոշումը։ Ես նման բան Հայաստանի Հանրապետությունում չեմ տեսել»,- նշել է Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ դատարանը երեկվանից էր քննում Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը։