Հայկական կողմն ամեն ինչ մտածված է անում, որ իրեն դուրս հանեն ՀԱՊԿ-ից. Հայկ Խալաթյան
14 Հունիսի 2024, 13:32
Հասկանալի է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումն արդեն ընդունված է: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի տնօրեն, Մոսկվայի՝ Alpha News-ի գլխավոր խմբագիր Հայկ Խալաթյանը։
«Հայաստանը դադարեցնում է ֆինանսավորումը ՀԱՊԿ կազմակերպությանը՝ չնայած մինչև այդ բյուջեն հաստատվել էր և, օրինակ, շատերի մոտ դժգոհություն էր առաջացել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև մյուս երկրներում, որ ֆինանսավորման դադարեցումը տեղի է ունեցել, երբ տարին սկսվել է, արդեն դժվար է վերանայել բյուջեն, իսկ կազմակերպությունն իր կանոնադրությամբ իրավունք չունի, օրինակ, բյուջետի դեֆիցիտ ունենալ: Տպավորություն է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումն արդեն ընդունված է»,- ասել է քաղաքագետը:
Խալաթյանը համոզված է՝ հայկական կողմն ամեն ինչ մտածված է անում, որ իրեն դուրս հանեն կազմակերպությունից ու ասի, որ ինքն ինքնակամ չի դուրս եկել ՀԱՊԿ-ից.
«Նպատակն այնպիսին է, որ անդամ մյուս երկրները Հայաստանին կազմակերպությունից դուրս հրավիրեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ուզենա ցույց տալ, թե իրենք արեցին դա: Օրինակ, եթե 2 տարի Հայաստանը շարունակի չֆինանսավորել ՀԱՊԿ-ը, դա արդեն հիմք է, որ մյուս անդամ երկրները Հայաստանին դուրս հանեն կազմակերպությունից:
Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Հայաստանը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց Ռուսաստանը փորձելու է ամեն ինչ անել, որ հենց Նիկոլ Փաշինյանն առաջինը քայլ անի, ինքը դուրս գա, դրանից հետո հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը լինի հայկական կողմի, Հայաստանի իշխանությունների վրա»,- եզրափակել է Հայկ Խալաթյանը: