Հայկական կողմում կա այնպիսի առաջնորդ, որ պատրաստ է Ադրբեջանի բոլոր ցանկությունները կատարել․ Արթուր Մարտիրոսյան

12 Հուլիսի 2024, 23:06

Քաղաքականություն

Հայկական կողմը թույլ դիրքերից է բանակցել ադրբեջանական ու թուրքական կողմի հետ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «CMPartners» խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում միջնորդները իրենց շահը կարող են ունենալ, նրանք շտապում են, որովհետև ինչ-որ կոնկրետ հարցեր են ուզում լուծել, ուզում են հայտարարել, որ մինչև ընտրություններն իրենք խնդիր են լուծել կամ իրենց ընտրողների համար են ուզում հաղթանակ ցույց տալ։ Հայկական կողմն այնքան թույլ դիրքերից է բանակցել ադրբեջանական ու թուրքական կողմի հետ, որ նրանք ասում են՝ ավելին կարելի է ստանալ։ Իսկ եթե ավելին կարելի է ստանալ, դու պետք է այդ ամենը ստանաս, հետո նոր խոսես ինչ-որ պայմանագրի մասին։ Դու չես կարող սկզբից պայմանագիր ստորագրես, դրանից հետո անել այն, ինչ խոստացել եք»,- ասել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մինչև վերջ կփորձի ստանալ այն ամենն, ինչի մասին խոսում է։
«Օրինակ, Սահմանադրության հետ կապված։ Մենք տեսնում ենք՝ ինչ է պահանջում ադրբեջանական կողմը։ Կարևոր է հասկանալ՝ ինչն է կարևորագույն Ալիևի համար։ Պահանջների ցուցակը շատ մեծ է։ Եթե սահմանազատում անեն ու ամբողջ սահմանը փշալարերով կարգավորված լինի, չի նշանակում, որ ադրբեջանակն կողմը ստացել է այն, ինչ փորձում էր ստանալ։

Ալիևի ամենամեծ ծրագիրն այն է, որ վերջնականորեն Հայկական հարցը հանի օրակարգից։ 1915 թվականին Ցեղասպանություն արեցին, հիմա չտեսնված հնարավորություն է՝ առանց որևէ պատերազմական գործողության ստանալ իրենց ուզածը։ Իրենք հայկական կողմում ունեն այնպիսի առաջնորդ, որ պատրաստ է իրենց բոլոր ցանկությունները կատարել։ Ինչո՞ւ չշտապեն»,- եզրափակել է Արթուր Մարտիրոսյանը։