Արևմուտքը երբեք կողմ չի լինի, որ արցախահայությունը վերադառնա Արցախ․ Տիգրան Քոչարյան

29 Մարտի 2024, 22:30

Քաղաքականություն

Մինչև 2025 թվականի նոյեմբեր Ռուսաստանը Արցախում է գտնվելու, և հայկական կողմն այնտեղ որոշ գործողություններ կատարելու շանս ունի։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր, մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Արցախը դեռևս ամբողջովին չի անցել Ադրբեջանի տիրապետության տակ։ Մասամբ ռուսական կողմը դեռ այնտեղ է գտնվում, և թեև մեզ համար անհասկանալի, բայց որոշակի գործառույթ են այնտեղ կատարում։ Այսինքն՝ մինչև 2025 թ-ի նոյեմբեր Ռուսաստանն այնտեղ է գտնվելու, և հայկական կողմն այնտեղ որոշ գործողություններ կատարելու շանս ունի։ Բարդ կլինի հիմա խոսել կարգավիճակի մասին, բայց հնարավոր է, որ որոշակի երաշխիքների ներքո փորձեն կազմակերպել վերադարձ և տեղի բնակչությունն էլ բարձրացնի որոշակի կարգավիճակի հարց։ Բայց պետք է հասկանանք, որ եթե արցախցիները չլինեն Արցախում և մինչև 2025 թ-ի նոյեմբեր այսպես շարունակվի, ապա մենք կարող ենք մոռանալ Արցախի մասին։ Եթե Հայաստանը ցանկանա զորքեր մտցնել և ազատագրել Արցախը, ապա այդ ժամանակ նման իրավունքներ մենք չենք ունենա։ Այդ ժամանակ ամբողջ աշխարհը դա կդիտարկի ագրեսիա և պատժամիջոցներ կսահմանի»,- ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ Արցախի իշխանությունն առանց հասկանալու՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, և ով է հիմնական խաղացողը, գնում և հարցազրույց է տալիս «Le Figaro»-ին և միջազգային հանրությանն ինչ-որ կոչեր անում։

«Մենք պետք է հասկանանք՝ նույն Ռուսաստանն էր անընդհատ տարբեր պատրվակներով առիթներ ստեղծում, որ Արցախը չձուլվի Ադրբեջանին գոնե իրավական մասով, եռակողմ համաձայնագրի մեջ չկար որևէ կետ, որտեղ Արցախը պետք է ճանաչվեր Ադրբեջանի կազմում, պայմանավորվածություն կար, որ Արցախի կարգավիճակը մնալու էր հաջորդ սերունդների քննարկմանը։ Մենք հիշում ենք նաև, որ Տիգրան Պետրոսյանը հրապարակել էր մի փաստաթուղթ, որտեղ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո էլ, ռուսական կողմը փորձում էր ապահովել արցախցիների անվտանգությունը, նրանց իրավունքները երաշխավորել։ Եվ հիմա էլ Լավրովն ասում է, որ ամեն ինչ կորած չէ, ուղղակի կամք է պետք։ Դրա փոխարեն ինչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությունը, մենք գիտենք, իսկ Արցախի իշխանությունն առանց հասկանալու՝ ինչ է կատարվում տարածաշրջանում և ով է հիմնական խաղացողը, գնում և հարցազրույց է տալիս, միջազգային հանրությանը կոչեր է անում։

Բայց զարմանալին այն է, որ Սամվել Շահրամանյանը չի շփվում հայկական լրատվամիջոցների հետ։ Ե՛վ Շահրամանյանը, և՛ մյուսները պետք է հասկանան, որ տարածաշրջանում թիվ մեկ հարց լուծողը Ռուսաստանն է, և նույն ՌԴ-ի ներկայությունն Արցախում, որոշակի շանսեր է ապահովում։ Le Figaro-ին հարցազրույց տալուց առաջ լավ կլիներ Սամվել Շահրամանյանը վերհիշեր՝ այդ երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում, և եթե հիշեր, որ դա եղել է Պրահայում Փաշինյանի կողմից, ապա կհասկանար, որ իզուր է հույսեր կապել Ֆրանսիայի կամ Մակրոնի հետ։ Այստեղ ամենակարևորը պետք է վերաձևավորվի արցախյան էլիտան, և պետք է առաջ գան այն առաջնորդները, որոնք պետք է հասկանան, թե ով է մեր բարեկամը, իսկ ով՝ թշնամին։ Արևմուտքը երբեք կողմ չի լինի, որ արցախահայությունը վերադառնա Արցախ, քանի որ Արևմուտքի կողմից միշտ ընդգծվել է՝ Արցախում հայերի ներկայությունը Ռուսաստանի համար պատրվակ է երկու հանրապետությունների վրա ճնշում գործադրել։ Իսկ հիմա ամբողջ արևմուտքը ուրախությամբ ազատվել է այդ գործոնից»,- եզրափակեց Տիգրան Քոչարյանը։