Հայկական մշակույթի փառատոն՝ Ալմաթիում
06 Դեկտեմբերի 2024, 13:47
Ալմաթիում կայացել է հայկական մշակույթի փառատոն, որն անցկացվել է «Լույս» էթնոմշակութային կենտրոնում: Կազմակերպիչներն են հայկական մշակութային կենտրոնը և Ղազախստանի «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնների ասոցիացիան:
Փառատոնին ներկայացվել է համերգային-երաժշտական ծրագիր: Տեղի է ունեցել նաև ցուցահանդես, որտեղ ներկայացված էին հայոց մշակույթին և պատմությանը նվիրված գրքեր, ինչպես նաև կերամիկական իրեր և ազգային երաժշտական գործիքներ: Իր հեղինակային աշխատանքներից մեկը բերել էր ղազախստանցի հայտնի քանդակագործ Էդուարդ Ղազարյանը։
Համերգի ընթացքում հանդիսատեսը լսել է դուդուկահար Վռամ Մինասյանին, դիտել էթնիկ պարեր «Նաիրի» համույթի կատարմամբ: Փառատոնի շրջանակներում ցուցադրվել է նաև Ռուբեն Ղազարյանի սոցիալական ֆիլմը: Վավերագրական ֆիլմը պատմում է մանկական ուղեղային կաթված ախտորոշված դեռահասի մասին, որը սայլակով հաշմանդամների համար էլեկտրական սկուտեր է հորինել: