«Հայկական սվիտերը»՝ Վիկտորիա և Ալբերտ թանգարանի ցուցահանդեսի գլխավոր ցուցանմուշ
02 Ապրիլի 2026, 15:20
Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ թանգարանում մարտի 28-ին բացվել է «Սկիապարելլի․ նորաձևությունը դառնում է արվեստ» ցուցահանդեսը՝ նվիրված լեգենդար «Schiaparelli» նորաձևության տանը և դրա հիմնադիր Էլզա Սկիապարելլիին։
Ցուցադրության կարևոր ցուցանմուշներից է խորհրդանշական սև, կոպիտ հյուսվածքով սվիտերը։ Այն ստեղծվել է «trompe l’oeil» («օպտիկական պատրանք») տեխնիկայով։
Այս տեխնիկան մշակել է Հայոց ցեղասպանությունը վերապրած և Ֆրանսիայում ապաստան գտած Արուսյակ Միքայելյանը։ Հենց նա է առաջարկել Էլզա Սկիապարելլիին օգտագործել «հայկական» կարի տեխնիկան՝ երկու տարբեր գույների թելով, իսկ ավելի ուշ օգնել է ստեղծել հայտնի ծավալուն նախշերով սվիտերների առաջին խմբաքանակը։
Ինչպես գրում է Vogue-ը, Էլզա Սկիապարելլիի համար ամեն ինչ սկսվել է սվիտերից։
«Նրա առաջին անհատական հավաքածուն, որը ներկայացվել է 1927 թվականի հունվարին, ներառում էր սև-սպիտակ գունային լուծումներով երկրաչափական նախշերով տրիկոտաժե հագուստ։ Սակայն բեկումնային պահը եկավ մի քանի ամիս անց, երբ նա հայ վարպետ Արուսյակ Միքայելյանին պատվիրեց հյուսել ժապավենով սվիտեր։ Սվիտերը, որը ներառված էր Սկիապարելիի 1927 թվականի նոյեմբերի հավաքածուում, անմիջապես դարձավ հիթ»,- նշել է ամսագիրը։
«Հայկական սվիտերը» արդիական է նաև այսօր․ այն կարելի է ձեռք բերել «Schiaparelli» բրենդի կայքում, իսկ Վիկտորիա և Ալբերտ թանգարանը առաջարկում է նաև հուշանվերներ՝ ոգեշնչված այդ խորհրդանշական հագուստից։