«Հայկի խաղալիքը» պատմվածքը կներկայացվի Կահիրեի գրքի միջազգային ցուցահանդեսում
08 Դեկտեմբերի 2023, 18:24
Եգիպտացի գրող Մուհամեդ Մանդուրի «Հայկի խաղալիքը» պատմվածքը, որն առաջիկայում ներկայացվելու է Կահիրեի գրքի միջազգային ցուցահանդեսում, եգիպտահայերի մշակութային նախագծի մասին է, որն ուղղված է արաբ երեխաներին հայկական մշակույթին ծանոթացնելուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիրքը լույս է ընծայել «Հաբի» հրատարակչությունը, պատմվածքի նկարազարդումն իրականացրել է հայ անվանի մանկապատանեկան նկարիչ Նաիրա Ահարոնյանը:
Մշակութային նախագծի շրջանակում հրատարակվել են մի շարք մանկական պատմվածքներ, որոնց նպատակն է տարածել հայկական մշակույթը և աջակցել մշակութային հաղորդակցությանը արաբ և հայ երեխաների միջև:
Շարքի առաջին պատմվածքի իրադարձությունները ծավալվում են սփյուռքում ապրող հայ երեխայի՝ Հայկի շուրջ, ով ցանկանում է այցելել Հայաստան և տեսնել իր նախնիների երկիրը։
Հեղինակի խոսքով՝ Հայկի ճանապարհորդությունն իր նախնիների երկրում սփյուռքահայ յուրաքանչյուր երեխայի երազանքն է, քանի որ հայրենիքում ապրելը համեմատելի չէ դրսում ապրելու հետ, որքան էլ օտար երկիրը քաղցր լինի:
«Հայկի խաղալիքը» գրքի երկրորդ և երրորդ շարքերը լույս կտեսնեն 2024 թվականին։ Գրքերի մատենաշարը տպագրվում է Եգիպտոսի Հայոց Ազգային Առաջնորդարանի հովանավորությամբ։