Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ցույց՝ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ
26 Ապրիլի 2024, 11:20
Հազարավոր ցուցարարներ ապրիլի 24-ին հավաքվել են Բևերլի Հիլզում տեղակայված Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ՝ հիշատակելու Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն ու իրենց բողոքն ուղղելու Թուրքիայի կառավարությանը, որը մինչ օրս ուրանում է Հայոց ցեղասպանության փաստը:
Միջոցառմանն անդրադարձել է CBSNews-ը՝ հատուկ շեշտելով այն իրողությունը, որ Ջո Բայդենն ԱՄՆ-ի առաջին նախագահն է, ով պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
«2021 թվականից Հայաստանը սահմանային հակամարտության մեջ է Ադրբեջանի հետ, որին աջակցում է Թուրքիան, մինչդեռ շատ ցուցարարներ ասացին, որ Միացյալ Նահանգների ուշադրությունը կենտրոնացած է այնպիսի վայրերի վրա, ինչպիսիք են Ուկրաինան և Մերձավոր Արևելքը»,- ասված է CBSNews-ի նյութում:
CBSNews-ի տեղեկացմամբ՝ ցույցեր են կազմակերպվել նաև Հոլիվուդի «Փոքրիկ Հայաստան» հատվածում։ Լոս Անջելեսի և Գլենդելի դպրոցները փակվել էին՝ հիշատակի օրվա համար, քանի որ 2022 թվականին Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս պետական դպրոցները փակել Ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ: