Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցահանդեսներ՝ Ռումինիայում
25 Ապրիլի 2025, 00:10

«Հայ կինը. ցեղասպանության զոհն ու հերոսը» և «Ստրունգա. նոր տուն հայ որբերի համար» խորագրով ֆոտոցուցահանդեսները կարելի է տեսնել մինչև ապրիլի վերջ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային թատրոնում:
Առաջինը նվիրված է Հայոց ցեղասպանության ժամանակ հայ կանանց խիզախությանն ու տառապանքներին։ Երկրորդը պատմում է ռումինական Ստրունգա գյուղի մանկատան մասին, որը հիմնադրվել է 1923 թվականին ռումինահայ համայնքի նախաձեռնությամբ և Ռումինիայի կառավարության աջակցությամբ՝ ցեղասպանությունից փրկված 200 երեխաների համար:
Միջոցառումները կազմակերպել է Ռումինիայի Հայերի միության հայկական մշակութային կենտրոնը Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ եկեղեցու թեմի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բուխարեստի Ազգային թատրոնի հետ համատեղ: