Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված դասական համերգին մասնակցել են հայ և խորվաթ երաժիշտներ. Ալինա Գիշյան

02 Մայիսի 2025, 20:30

Բոլոր

Խորվաթիայում գտնվող 50-60 հոգանոց հայ համայնքի մեծ մասը արվեստի ոլորտի ներկայացուցիչներ են։ Իհարկե, ապրել Խորվաթիայում դժվար է, սակայն այն շատ գեղեցիկ երկիր է։ Չեմ կարող ասել, թե ինչու է հայերի թիվը փոքր, սակայն հարևան երկրներում հայերի ներկայությունն ավելի զգալի է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասաց հայ-խորվաթական համայնքի նախագահ Ալինա Գիշյանը։

«Մեզ մոտ կան հայեր, ովքեր Խորվաթիա են տեղափոխվել 10 կամ 30 տարի առաջ։ Հիմնականում արվեստագետներ են, երաժիշտներ։ Մենք փորձում ենք հավաքվել կարևոր օրերին, միասին անցկացնել ժամանակը։ Ես զբաղվում եմ կավագործությամբ։ Ցավոք, դեռևս Հայաստանում ցուցադրություն չեմ ունեցել, բայց պլանավորում եմ։ Եվրոպայում և դրա սահմաններից դուրս ցուցադրություններ ունեցել եմ։ Իմ աշխատանքները ներկայումս կարելի է գտնել չորս երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Խորվաթիայում իմ աշխատանքները վաճառվում են, հիմնականում դրանք գնում են զբոսաշրջիկները կամ բարեկամները/ծանոթները»,- նշեց Ալինա Գիշյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին՝ Ալինա Գիշյանը նշեց, որ անցած տարի ապրիլի 24-ին կազմակերպվել են հինգօրյա հայկական մշակութային միջոցառումներ, որոնց շրջանակում տեղի է ունեցել դասական համերգ։ Այս տարի անցկացված դասական համերգին մասնակցել են հայ և խորվաթ երաժիշտներ։

«Մենք ծրագրում ենք հայոց լեզվին վերաբերող հանդիպումներ։ Մեր երեխաները հայերեն սովորում են տանը, ցավոք, առայժմ տեղ չունենք, բայց ունենք մեծ ծրագրեր»,- հավելեց հայ-խորվաթական համայնքի նախագահը։

Ալինա Գիշյանը նաև նշեց, որ համայնքը սերտ կապ է պահպանում Հայաստանի հետ, և մայիսի 12-ին նախատեսված բարեգործական միջոցառման ամբողջ հասույթը տրամադրվելու է արցախցի երեխաներին։

Հիմա եթերում