Հայոց եկեղեցին այսօր տոնում է Տյառնընդառաջը 

14 Փետրվարի 2024, 10:46

Մշակույթ

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 14-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։ Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը։ Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ։